Января 10, 2025 | 11:49
Наука
Конкурсы
Студенческий
Благодаря упорству, целеустремленности и любви к выбранной профессии можно воплотить свои мечты в реальность
Студентка 2-го курса магистратуры биологического факультета Ереванского государственного университета Лусине Багдасарян является одним из победителей в конкурсе предоставления именных стипендий студентам вузов РА в 2024 году, показавшим самую высокую успеваемость («Лучший студент»). Она добилась успеха в конкурсе благодаря вере в свои силы, трудолюбию, целеустремленности, активности и самоотдаче в науке.
Հավատով և ինքնազարգացմամբ դեպի նպատակներ
«Սեփական ուժերին հավատալով և ինքնակրթությամբ ձգտել հասնելու նպատակներին». սա է իմ կարգախոսը, իմ մշտական «ուղեկիցը»։ Երբ հավատում ես սեփական ուժերիդ և անընդհատ ձգտում ես սովորելու նորը, անհնարին ոչինչ չի լինում»,- ասում է Լուսինեն։
Նա արդեն ապացուցել է, որ հաջողության հասնելու բանալին ոչ միայն աշխատասիրությունն է, այլև ինքնավստահությունը։ ԵՊՀ ուսանողը համոզված է՝ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե գտնվի ճիշտ մոտեցում։
Գիտական նվաճումներ
Լուսինեի հաջողության պատմության առանցքում է նրա գիտական գործունեությունը։ Նա գիտական երեք հոդվածների համահեղինակ է։ Այդ հոդվածներից մեկը հրապարակվել է «Food Science and Technology» ամսագրում, մյուս երկուսը՝ «Functional Foods in Health and Disease» ամսագրում:
«Գիտական հոդվածների համար ոչ միայն անհրաժեշտ է հետազոտությունների մեծ ծավալ ունենալ, այլև ճիշտ արդյունքներ գեներացնել։ Սա պահանջում է կենտրոնացում, համբերություն և մեծ նվիրում»,- նշում է նա։
Հասարակական ակտիվություն
Գիտական գործունեությունից բացի՝ Լուսինեն վարում է ուսանողական ակտիվ կյանք։ 2021-2022 ուսումնական տարվանից նա ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության անդամ է։ Կառույցին անդամակցելու օրվանից կազմակերպել է բազմաթիվ սեմինարներ, մասնակցել միջոցառումների՝ նպաստելով նաև դրանցում ուսանողների ներգրավվածությանը։
Դժվարությունների հաղթահարում
Հաջողության հասնելու ճանապարհին Լուսինեն բախվել է մի շարք դժվարությունների, որոնք, սակայն, ընդունել է որպես մարտահրավերներ։
«Դասընթացների բարդությունը, քննությունները, աշխատանքի և գիտական հետազոտությունների համատեղումը հեշտ չէին։ Սակայն մեր պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությամբ կարողացա հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Հատկապես բարդ էր գիտական հոդվածների համար անհրաժեշտ արդյունքների գեներացումը, սակայն համառությունը օգնեց հաղթահարել փորձությունները»,- պատմում է նա։
Հաղթանակ «Լավագույն ուսանող» մրցույթում
Կրթաթոշակի արժանանալու լուրը մեծ հուզմունք և ուրախություն է պարգևել Լուսինեին։
«Միշտ մտածել եմ՝ ինչպես կարելի է հաջողել մրցույթում, բայց երբեք չեմ պատկերացրել ինձ հաղթողի կարգավիճակում։ Անունս հանրապետության լավագույն ուսանողների անվանացանկում տեսնելը կյանքիս ամենահիշարժան պահերից է»,- ասում է նա։
Սերը մասնագիտության հանդեպ
Լուսինեն երբեք չի կասկածել, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել։ Նա այժմ սովորում է «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսում։
«Գենետիկան ինձ համար ավելին է, քան պարզապես գիտությունը։ Ես ինձ գտել եմ այս ոլորտում։ Երբ խոսում եմ գենետիկայի մասին, մոռանում եմ ամեն ինչի մասին։ Սա իմ տարերքն է և իմ ճանապարհը դեպի հաջողություն»,- մատնանշում է նա։
Ապագայի տեսլական
Լուսինեի նպատակն է գիտական նոր նվաճումներ գրանցել և դառնալ հաջողակ կենսաբան։
«Մրցույթում հաղթելը մեծ պարտավորություն է ինձ համար։ Ես պետք է արդարացնեմ սեփական հույսերս ու իրագործեմ նպատակներս՝ դառնալով լավ կենսաբան և գիտնական։ Հիմնական նպատակս ոչ միայն գիտության ոլորտում առաջընթաց ունենալն է, այլև ստացածս գիտելիքները գործնականում կիրառելը՝ ի շահ հասարակության»,- ընդգծում է նա։
Մասնագիտությունից դուրս․ սեր գրքերի և պարի հանդեպ
Չնայած ժամանակի սղությանը՝ Լուսինեն կարողանում է ժամանակ տրամադրել իր սիրելի զբաղմունքներին։
«Սիրում եմ կարդալ թե՛ մասնագիտական, թե՛ գեղարվեստական գրականություն։ Սովորում եմ լեզուներ․ այժմ խորությամբ անգլերեն եմ ուսումնասիրում։ Երբ ժամանակ եմ ունենում, սիրում եմ նաև պարել»,- ժպիտով ավելացնում է նա։
Լուսինե Բաղդասարյանի պատմությունը ևս մեկ վառ ապացույց է, որ համառությունը, նպատակասլացությունը և սերը ընտրած մասնագիտության հանդեպ կարող են իրականություն դարձնել ցանկացած երազանք։