Января 15, 2025 | 14:40
Наука
Образование
Студенческий
Новые знания и опыт. Путь к успеху лучшего студента ЕГУ
Стелла Шагинян, студентка магистратуры факультета европейских языков и коммуникации Ереванского государственного университета, всегда хотела создавать новые возможности посредством изучения языка, которые способствовали бы профессиональному и личностному росту. Во время учёбы она поняла, что языки и межкультурная коммуникация играют важную роль в деловом мире. Преодоление межкультурных «барьеров», возможность работать с международными партнерами, а также активность и динамизм сферы бизнеса всегда привлекали её и стали стимулом для продолжения обучения в магистратуре.
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ․ մրցույթի («Լավագույն ուսանող») հաղթողներից է «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Ստելլա Շահինյանը։ Ուսումնառության տարիների, մասնագիտական հետաքրքրությունների և առաջընթացի մասին պատմում է Ստելլան՝ մատնանշելով, որ գիտական միջոցառումներն ու մրցույթները նպաստում են առավել խոր գիտելիքներ ձեռք բերելուն և դրանք գործնականում կիրառելու նոր հնարավորություններ գտնելուն։
«Հաճախ եմ մասնակցում մրցույթների, օլիմպիադաների և գիտաժողովների։ Նման միջոցառումները ոչ միայն նպաստում են մասնագիտական գիտելիքներիս հարստացմանը, այլև հնարավորություն են տալիս շփվելու հասակակիցներիս հետ, գործակցային կապեր հաստատելու ոլորտի մասնագետների հետ և բացահայտելու նոր հեռանկարներ: Դրանք հնարավորություն են ընձեռում նաև ակտիվորեն հետևելու կրթական և գիտական ոլորտների անցուդարձին և լինելու նորարարությունների ու զարգացումների կենտրոնում։ Այս ամենից բացի՝ ես պարզապես սիրում եմ նման միջոցառումների համախմբող ու հաճելի մթնոլորտը, որտեղ մարդիկ ազատորեն շփվում են և մտքեր փոխանակում»,- ասում է նա։
Ստելլան ուսման ընթացքում կիրառում է հատուկ մեթոդ․ նա կենտրոնանում է գաղափարների ու հասկացությունների խորքային ըմբռնման վրա։ Օրինակ՝ նա մեծապես հետաքրքրված է և սիրում է հայոց պատմությունը, սակայն չի կարողանում մտապահել նշանավոր իրադարձությունների տարեթվերը։ Բայց դա նրան չի անհանգստացնում։ Փոխարենը նա կարող է հանգամանորեն ներկայացնել այդ իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, պատմել, թե ինչպես են դրանք ազդել պատմության վրա և ինչ հանգամանքներում են տեղի ունեցել։
«Կրթությունս շատ է օգնում թե՛ ընդհանուր մասնագիտական զարգացմանը, թե՛ աշխատանքային գործունեությանը: Հաճախ աշխատանքի ժամանակ որևէ հարցի կամ խնդրի առնչվելիս հիշում եմ մեր դասերն ու քննարկումները։ Ինձ համար ԵՊՀ կրթական համակարգի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ուսանողները ժամանակին ապահովվում են անհրաժեշտ բոլոր նյութերով և տեղեկատվությամբ՝ շնորհիվ էլեկտրոնային համակարգի. կրթական գործընթացն առավելագույնս համակարգված է և կազմակերպված»,- նշում է նա։
Ստելլան «Լավագույն ուսանող» մրցույթին մասնակցում էր երկրորդ անգամ։ Առաջին անգամ մասնակցել է դեռևս բակալավրիատում սովորելու տարիներին, սակայն հաջողության չի հասել։ Այս անգամ մասնակցելով՝ մեծ հույսեր ուներ, որ հաղթող կճանաչվի, բայց ամեն ինչից առավել նա հավատում էր հենց իր ջանքերին։ Նա գիտակցում էր, որ մրցակցությունն ուժեղ է, քանի որ հարյուրավոր ուսանողներ են պայքարում այս կոչման համար։ Այնուամենայնիվ, Ստելլան ներքուստ վստահ էր, որ այն, ինչի հասել է իր համառությամբ ու նվիրվածությամբ, անպայման ունենալու է իր արդյունքը և գնահատվելու է ըստ արժանվույն։
«ՀՀ լավագույն ուսանող ճանաչվելն ինձ համար ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն, քանի որ այն արտացոլում է ոչ միայն իմ աշխատանքն ու նվիրումը, այլև գրանցած հաջողությունները։ Այս հաղթանակը իմ ամենամեծ նվաճումներից մեկն է»,- ընդգծում է նա։
Անդրադառնալով իր գիտական գործունեությանը՝ ԵՊՀ ուսանողը նշեց, որ ունի միջազգային ամսագրերում հրապարակված հոդվածներ, որոնց մեծ մասը գրականագիտական ուղղվածություն ունի:
«Աննկարագրելի է իմ սերը համաշխարհային գրականության հանդեպ, ինչը ձևավորվել է դասախոսներիս շնորհիվ: Հոդվածներումս անդրադառնում եմ արևմտյան գրականության մեջ մեղքի և ազատության խնդիրներին, գրականությունում արտահայտվող հասարակական և կրոնական հիմնախնդիրներին, էքզիստենցիալ գրականությանը, հայի կերպարի համաշխարհային ընկալմանը և այլն»,- պատմում է Ստելլան, որը մտադիր է խորացնել մասնագիտական գիտելիքները՝ ոլորտում առաջատար մասնագետ դառնալու համար:
Ներկայում Ստելլան աշխատում է ծրագրային ապահովման ընկերությունում՝ որպես բիզնեսի զարգացման մասնագետ, և ակտիվորեն կիրառում է համալսարանում սովորելու տարիներին ձեռք բերած գիտելիքները: Նա ունի նաև նկարչական կրթություն․ խոստովանում է՝ սիրում է այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ:
«Զբաղվում եմ նկարչությամբ և կավագործությամբ, հանգստյան օրերին կերպարվեստ եմ դասավանդում երեխաներին, քանի որ արվեստը, ազատ մթնոլորտը և երեխաների հետ աշխատանքը շատ հաճելի ու հետաքրքիր են ինձ համար։ Ուսումնասիրում եմ հոգեբանություն, գրում բանաստեղծություններ և պատմվածքներ: Մոտ ժամանակներս մտադիր եմ սկսել զբաղվել նաև որևէ սպորտաձևով»,- ասում է նա:
Այն հարցին, թե ինչ է նշանակում լինել ԵՊՀ ուսանող, Ստելլան պատասխանում է․ «ԵՊՀ-ի մասին մտածելիս առաջինը մտքիս է գալիս «հպարտություն» բառը: Միշտ հիացել եմ նրանով, որ ՀՀ-ում ազգի նվիրյալների և իրենց գործի գիտակների ստվար զանգվածը ԵՊՀ շրջանավարտներն են: Այժմ ինքս, լինելով ԵՊՀ ուսանող, մեծ հպարտություն և պատասխանատվություն եմ զգում»,- անկեղծանում է նա:
Ստելլա Շահինյանի մասին հետաքրքիր փաստեր ենք արձանագրել նաև «Ուսանողի օրագիր» խորագրով հարցարանում ընդգրկված անավարտ նախադասությունների միջոցով։
Ընտրեցի ԵՊՀ-ն, քանի որ միշտ ցանկացել եմ լինել մայր բուհի մի մասնիկը:
Համալսարանական կյանքը ինձ սովորեցրել է, որ ամենակարևորը մարդկային հարաբերություններն են:
Ուսումնառության ընթացքում հաճելիորեն զարմացրել և հիացրել են որոշ դասախոսների գիտակությունը և պրոֆեսիոնալիզմը:
Ամենակարևոր հաղթանակն այն է, երբ շնորհակալություն ես հայտնում ինքդ քեզ՝ չհանձնվելու համար:
Լավագույն ուսանողի կոչմանն արժանանալու համար հարկավոր է համառություն, քրտնաջան աշխատանք և կրկին համառություն։
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին․ ես չեմ կարող ապրել առանց հումորի և առանց իմ խոսքում փոփ մշակույթին պարբերաբար հղում կատարելու: