Февраля 21, 2025 | 11:39
Наука
Образование
Международное сотрудничество
Новые образовательные мосты. В ЕГУ открылась новая аудитория при поддержке посольства Доминиканской Республики в Республике Армения
На факультете европейских языков и коммуникации Ереванского государственного университета состоялось торжественное открытие аудитории, обновленной при поддержке посольства Доминиканской Республики в Республике Армения. Открытая аудитория предназначена для углубленного изучения испанского языка и направлена на содействие распространению иберо-американской культуры в ЕГУ.


Կրթական համագործակցության նոր ուղիներ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ոչ միայն հնարավորություն կտա ուսանողներին առավել խորացված ուսումնասիրելու իսպաներենը, այլև կամրապնդի երկու երկրների միջև կրթական և մշակութային կապերը։
«Խորհրդանշական է, որ այս ամիս միջազգային ևս մեկ գործընկերոջ աջակցությամբ համալսարանում բացվում է նոր լսարան։ Վստահ եմ, որ այն կդառնա կարևոր կենտրոն, որտեղ ուսանողները կծանոթանան Դոմինիկյան Հանրապետության պատմությանը, իբերոամերիկյան մշակույթին և ընդհանրապես իսպանախոս աշխարհի ժառանգությանը»,- ասաց նա։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, բարձր գնահատելով ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության աջակցությամբ լսարանի ստեղծումը, մատնանշեց․ «Դոմինիկյան Հանրապետության անվան լսարանի բացումը համալսարանում կարևոր ձեռքբերում է մեր ֆակուլտետի համար։ Այն ոչ միայն հարստացնում է մեր ակադեմիական միջավայրը, այլև ամրապնդում է միջազգային կրթական համագործակցության մեր ուղիները՝ ստեղծելով նոր հնարավորություններ ուսանողների համար իսպաներենի խորացված ուսուցման և իսպանախոս աշխարհի հետ առավել սերտ շփման համար։ Այսպիսի ծրագրերը մեծ նշանակություն ունեն Երևանի պետական համալսարանի համար՝ միավորելով տարբեր մշակույթներ և լեզուներ»։
Դոմինիկյան Հանրապետության դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելան ընդգծեց համալսարանի հետ համագործակցության կարևորությունը՝ մատնանշելով, որ այսօրինակ ծրագրերը նպաստում են կրթական և մշակութային երկխոսությանը։

«Մեծ պատիվ է տեսնել մեր երկրի անվամբ լսարան այսպիսի բարձր վարկանիշ ունեցող համալսարանում։ Սա վկայում է Երևանի պետական համալսարանի ակտիվ գործունեության մասին, և Դոմինիկյան Հանրապետությունը մեծ սիրով աջակցում է այս նախաձեռնությանը»,- նշեց դեսպանը։
Նա ընդգծեց, որ կրթական համագործակցությունը միտված է նաև ուսանողների համար ակադեմիական և մշակութային նոր հնարավորություններ ստեղծելուն, ինչը կարող է կամուրջ դառնալ երկու երկրների միջև փոխըմբռնման համար։
Համագործակցության ամրապնդումը՝ ի շահ կրթության
Ի նշան փոխադարձ աջակցության և համագործակցության ամրապնդման՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Դոմինիկյան Հանրապետության դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելան շնորհակալագրեր հանձնեցին Դոմինիկյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Միքայել Կարապետյանին մեծ ներդրումի, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստելու համար։

Անդրադառնալով Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև գիտակրթական կապերի ամրապնդմանը՝ Միքայել Կարապետյանը շեշտեց, որ այս լսարանի բացումը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
«Այս իրադարձությունը ոչ միայն մշակութային կամուրջ է երկու երկրների միջև, այլև կրթական համագործակցության նոր խթան։ Կրթության միջոցով մենք կարող ենք նպաստել դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև ապահովել փոխադարձ հետաքրքրությունների ու համագործակցության զարգացումը»,- ընդգծեց Մ․ Կարապետյանը։
ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը նույնպես ողջունեց այս նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հեռանկարներ կստեղծի իսպաներենի ուսուցման համար։

«Հուսով ենք, որ այս լսարանի հիմնումը կխթանի իսպաներենի ուսուցումն ու այս լեզվի հանդեպ ուսանողների հետաքրքրության աճը։ Իսպաներենի կարևորությունը ներկայիս աշխարհում ակնհայտ է, և նմանատիպ ծրագրերը կարող են էական ազդեցություն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման վրա»,- ասաց նա։
Ուսանողների մասնակցությունն ու մշակութային բաղադրիչը
Միջոցառման ավարտին ԵԼՀ ֆակուլտետի ուսանողները ներկայացրին Դոմինիկյան Հանրապետության մշակութային ժառանգության մասին պատմություններ։ Նրանք հանդես եկան նաև իբերոամերիկյան մշակույթին նվիրված փոքրիկ ներկայացումներով, որտեղ ընդգծեցին Դոմինիկյան Հանրապետության պատմության կարևոր իրադարձությունները, մշակութային ավանդույթները և լեզվի դերը։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ԵՊՀ-ն շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ուսանողներին առաջարկելով կրթական նոր և արժեքավոր հնարավորություններ։ Նորաբաց լսարանը կծառայի որպես հարթակ՝ իսպանախոս աշխարհի հետ կապ հաստատելու և իբերոամերիկյան մշակույթն առավել մանրամասնորեն ուսումնասիրելու համար։