- Главная
- Node
- «ԱՐԻ՛ ՍԵՐՎԻՍ, ԱՅՍՏԵՂԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է». ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՍ ԵՊՀ ՍԵՐՎԻՍԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Декабря 12, 2019 | 16:49
«ԱՐԻ՛ ՍԵՐՎԻՍ, ԱՅՍՏԵՂԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է». ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՍ ԵՊՀ ՍԵՐՎԻՍԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի «Կայուն տուրիզմ» մասնագիտացման ուսանողներն այսօր «PR-ը և գովազդը սերվիսում» առարկայի շրջանակում ներկայացրին իրենց կատարած հետազոտական ուսումնասիրությունները:
Ծրագրի սկզբում ուսանողները նշեցին, որ կատարված հետազոտական աշխատանքը նվիրված է ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին:
Սկզբից ուսանողները սահմանեցին PR-ը և նրա կիրառության անհրաժեշտությունը կրթական ոլորտում:
Ուսանողները նշեցին, որ նմանօրինակ հետազոտության անցկացման գաղափարը ծագել է հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով:
Կատարվել է նաև հարցում, որի ընթացքում շեշտադրվել է երկու կարևորագույն հարց՝ ինչ դիրք է զբաղեցնում Սերվիսի ամբիոնը կրթական շուկայում, որոնք են ամբինում առկա առավելություններն ու թերությունները:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ԵՊՀ-ն ունի բոլոր նախադրյալներն աշխատաշուկայում առաջատար դիրք ունենալու՝ թե՛ ուսանողների թվաքանակով, թե՛ ունեցած կարգավիճակով՝ որպես Մայր բուհ, և թե՛ կրթական ծրագրերով:
«Ինչ վերաբերում է սերվիսին, ապա պետք է նշել, որ այն մեր ժամանակների մասնագիտություն է»,- նշեցին ուսանողները:
Ըստ առցանց եղանակով կատարված սոցհարցման, որին մասնակցել է 40 հոգի, Սերվիսի ամբիոնի առավելություններից են արդիական լինելը, աշխատաշուկայում մրցունակություն ունենալը, լավ մասնագետներ պատրաստելը:
Հարկ է նշել նաև, որ ըստ հետազոտության արդյունքների՝ Սերվիսի ամբիոնի շրջանավարտների 70% տոկոսն աշխատում է համապատասխան մասնագիտությամբ:
Թերությունների շարքում էին հայերեն գրականության պակասը, ոչ մասնագիտական առարկաների մեծ քանակն ու օտար լեզուների ոչ լիարժեք ուսուցանումը:
Ուսանողները ներկայացրին նաև Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտների հետ հանդիպման մանրամասները՝ նշելով, որ աշակերտների հետ քննարկել են ապագա մասնագիտության ընտրության հարցն ու հետագայում աշխատաշուկայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու կարևորությունը:
Վերջում ուսանողները դասախոսական կազմի և մյուս ուսանողների համար ցուցադրեցին Սերվիսի ամբիոնի գործունեության մասին «Արի՛ սերվիս, այստեղից հնարավոր է» խորագրով կարճ տեսանյութ: