- Главная
- Node
- «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ». ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՀԱՐ ՄԿՈՅԱՆ
Марта 11, 2020 | 17:32
Կրթություն
Հասարակություն
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ». ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՀԱՐ ՄԿՈՅԱՆ
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Դու սոցիալական ձեռներեց ես, դու կարող ես փոխել աշխարհը» խորագրով հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, սոց. գիտ. թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Գոհար Մկոյանի հետ։
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը։ Նա ներկայացրեց ֆակուլտետի շրջանավարտին՝ նշելով, որ Գոհար Մկոյանը դասախոսում է ՀՀ 5 բուհերում և սոցիալական գիտությունների թեկնածու է։
Ա․ Սահակյանը կարևորեց հյուրի ստեղծարար միտքն ու ջանասիրությունը՝ սոցիալական և ձեռնարկատիրական աշխատանք կատարելու գործում. «Ես քեզ հաջողություն եմ մաղթում։ Ուրախ կլինեմ, որ համալսարանում հաճախ հանդիպենք ու խոսենք ձեր գործունեության մասին»։
Մեզ հետ զրույցում հանդիպման բանախոս Գոհար Մկոյանը նշեց, որ մշտապես սոցիալական խնդիրներ լուծելու ուղի է հարթել։
«Սոցիալական ձեռնարկատիրությունը համարվում է ձեռնարկատիրական գործունեության ապագան։ Երբ հասկացա, որ սոցիալական ձեռնարկատիրությունը համակարգային մեխանիզմ է հասարակության սոցիալական խնդիրները լուծելու համար, ինքս նախաձեռնեցի Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադրումը, քանի որ սոցիալական ձեռնարկատիրության բիզնես մոդելի հիմքում դրված է առաջնային սոցիալական խնդիրների լուծումը։ Դրանց լուծման շնորհիվ դու նպաստում ես հասարակության բարեկեցության որակի մակարդակի բարձրացմանը»,- ասաց նա։
Հանդիպման ընթացքում բանախոսը պարզաբանեց, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, պատմեց Սոցիալական ձեռներեցների դպրոցի մասին, նախանշեց ձեռնարկատիրությունների և համայնքի զարգացման մեխանիզմները։
«Ինձ ասում էին, որ սոցիալական աշխատողը, բնապահպանը, գյուղաբնակը չեն կարող սոցիալական ձեռներեց դառնալ։ Նրանք շատ լավ կարող են օգնություն, աջակցություն տրամադրել, բայց ձեռնարկատիրական հմտություններ չեն կարող զարգացնել։ Բայց պարզվում է, որ այն հնարավոր»,- նշեց Գոհար Մկոյանը։
Նա ներկայացրեց սոցիալական ձեռներեցության համառոտ պատմությունը, օրինակներով նկարագրեց, թե ինչ է սոցիալական ձեռներեցությունը։
«Օրինակ՝ Սթիվ Ջոբսը հայտնի սոցիալական ձեռներեց է, քանի որ նրա ստեղծած գաջեթների շնորհիվ մարդկությունը մեկ քայլ առաջ անցավ հաղորդակցման ոլորտում։ Նրա մահից հետո անգամ վերջինիս կարողությունն ուղղվեց հասարակությանն օգնություն տրամադրող ֆոնդին»,- ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտը:
Բանախոսը խոսեց նաև Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման կարևորության մասին, պարզաբանեց, թե ինչպես է այն նպաստում մեր հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Նշեց, որ հանդիպմանը ներկա էին նաև Սոցիալական ձեռներեցների դպրոցի երկու ներկայացուցիչ՝ «Հաթերք ֆուդ» («Haterk food») և «Ժենգյալով հացի փառատոնի» կազմակերպիչ Սամվել Միրզախանյանը և Մերի Առաքելյանը: Վերջինս ցանկանում է ոչ ֆորմալ կրթական մոդել ունեցող դպրոց հիմնել։ Բացի դրանից՝ բանախոսը ներկայացրեց նաև դպրոցի մյուս անդամների ձեռնարկատիրական գործունեությունը։
Հանդիպման վերջում ուսանողների համար անցկացվեց փոքր փորձարկում՝ բացահայտելու սոցիալական ձեռնարկատեր դառնալու համար անհրաժեշտ կարողությունները:
Մարինա Առաքելյան