ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։
![Distance-learning-at-the-faculty-of-Russian-Philology](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/9yBxN1liuRmP0CBEr5RPzz4wgq.jpg?h=bccd1fa5&itok=xAsIktVg)
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում արտակարգ դրություն հայտարարելու հենց առաջին օրերից սկսվել է առցանց հարթակներում դասապրոցեսը, որի ընթացքի մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Պավել Բալայանի հետ:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը նշեց, որ թեև հեռավար ուսուցման ընթացքն իրեն չի բավարարում, սակայն ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ՝ ուսուցումը պատշաճ կազմակերպելու համար: Նրա փոխանցմամբ, դասախոսներն ուսանողների հետ միասին ընտրում են առցանց ուսուցումն իրականացնելու եղանակները:
«Հաշվի առնելով տարբեր դրույթներ՝ կուրսի մեծություն, առցանց հասանելիություն, տեսակապի հնարավորություն և այլն՝ դասախոսներն օգտագործում եմ տարբեր առցանց հարթակներ՝ «e-mail», «zoom.us», «e-learning.ysu.am», «moodle», «skype» և այլն»,- նշեց դեկանը:
Պավել Բալայանն ասաց, որ իրենց ֆակուլտետը ևս շաբաթական հաշվետվություն է ներկայացնում ռեկտորատին, ըստ որի՝ առցանց ուսուցմանը մասնակցում է ուսանողության մոտ 70 տոկոսը:
Դեկանը նաև նշեց, որ թեև ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես են իրականացվելու 4-րդ կուրսի ավարտական քննությունները․ «Օնլայն քննություն անցկացնելու համար մենք դժվարանում ենք»:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, ավարտական կուրսերի ուսանողները մշտական կապի մեջ են իրենց ավարտական աշխատանքների ղեկավարների հետ, և հեռավար ուսուցումն աշխատանքների կատարմանն ու հանձնմանը չի խանգարում:
Մարինա Առաքելյան