- Главная
- Node
- ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Апреля 22, 2020 | 15:09
Ուսանողական
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին:
Քիմիայի ֆակուլտետի ուսանողներն ախտահանիչների ստեղծման և ակցիայի նախապատրաստական աշխատանքները սկսել են իրականացնել դեռևս մարտին, երբ Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքերը:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ուսանող Վլադիմիր Վարդապետյանն ասաց, որ իրենց ստեղծած նյութը պատրաստված է սպիրտային հիմքի վրա. «Այն փափկեցնում է մաշկը և ախտահանում»:
Նոր ախտահանիչներն անվճար բաժանելու ակցիան իրականացրել են ֆակուլտետի երկու ուսանող՝ Վլադիմիր Վարդապետյանը և Մարիամ Միքայելյանը՝ իրենց խոսքով, մարդկային կուտակումներ չառաջացնելու նկատառումով:
«Ակցիան անցկացրել ենք սննդի սպասարկման ոլորտում՝ որպես թիրախ ընտրելով շուկան, քանի որ այն այս ոլորտի ավելի դժվար վերահսկելի ճյուղերից մեկն է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Վլադիմիր Վարդապետյանը:
Քիմիայի ֆակուլտետի ուսանողները խորհուրդ են տալիս սննդի, թղթադրամների, մետաղադրամների հետ անմիջական շփում ունեցող վաճառողներին պարբերաբար ախտահանել ձեռքերը, իսկ գնորդներին` գնված միրգը և բանջարեղենը լվանալ տևական հոսող գոլ ջրով։
Ուսանողները նաև հորդորում են գնորդներին չօգտվել կասկածելի, չստուգված և անհայտ ծագման ախտահանող միջոցներից, որոնք ոչ միայն չեն կատարում իրենց գործառույթը, այլև կարող են հանգեցնել մաշկային խնդիրների, ալերգիայի, ընդհուպ՝ մաշկի մակերեսին ստեղծել բարենպաստ միջավայր բակտերիաների, միկրոբների և վիրուսների համար։
Բացի դրանից՝ նրանք կոչ են անում ախտահանող միջոցներ արտադրող կազմակերպություններին նախաձեռնել նմանօրինակ ակցիաներ և այս ժամանակահատվածում լինել բնակչության կողքին. «Բոլորին ցանկանում ենք քաջառողջություն, հորդորում մնալ տանը և խուճապի չմատնվել»։
Ակցիան իրականացնող ուսանողները շնորհակալություն են հայտնում ֆակուլտետի դասախոսական անձնակազմին, հատկապես Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Արմեն Մարտիրյանին՝ աջակցության և ուսանողներին օգնելու հարցում պատրաստակամության համար։
Քնար Միսակյան