- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Апреля 29, 2020 | 15:56
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՈՒԳԸ նախագահի խոսքով, արտակարգ դրության առաջին իսկ օրերից անմիջապես ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները՝ շարունակելու աշխատանքները. «Ստորաբաժանումներից շատերը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ միանգամից սկսեցին հեռավար իրականացնել արդեն իսկ պլանավորած ծրագրերը (ըստ կիսամյակային գործունեության ծրագրի), իսկ մյուսները, հարմարվելով իրավիճակին և առկա սահմանափակումներին, սկսեցին նոր գաղափարներ կյանքի կոչել»:
Մերի Փանոսյանի տեղեկացմամբ, քանի որ ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում այլընտրանք գտնելը դարձել է օրվա հրամայական, ՈՒԳԸ ԳԽ հերթական նիստերը գումարվում են տեսակապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու տեղեկատվության անընդհատությունը, մշտապես կապի մեջ լինելու և մշակելու ամենաբարենպաստ տարբերակներ՝ առկա խնդիրներին հնարավոր լուծումներ տալու համար:
«Ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն այս ընթացքում հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք արդեն հաջողությամբ իրագործվում են: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում հավելյալ ժամանակի առկայությունը՝ գրեթե բոլոր ֆակուլտետները կազմակերպել են հետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ առաջարկելով հետազոտության տարբեր թեմաներ տարբեր կուրսերի ուսանողների համար: Ներածական փուլին մասնակցել են նաև դասախոսներ, որոնք ներկայացրել են գիտական աշխատանքի չափորոշիչները և ներկայացրել իրենց սկզբունքները»,- ասաց Մերի Փանոսյանը:
Նրա հավաստմամբ, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներից մի քանիսը ստեղծել են «YouTube»-ի իրենց ալիքները, որտեղ տեղադրվում են մասնագիտական և ոչ մասնագիտական թեմաներով նյութեր. «Տեսանյութերի պատրաստմանը մասնակցում են ինչպես ուսանողներ, շրջանավարտներ և դասախոսներ, այնպես էլ ոլորտի առաջատար մասնագետներ»:
ՈՒԳԸ նախագահի տեղեկացմամբ, այս ընթացքում չի անտեսվել նաև միջազգային համագործակցությունը. «Շարունակվում են կազմակերպվել ծրագրավորման դասընթացներ և իրավաբանական օլիմպիադաներ, մրցույթներ և վեբինարներ, որոնց մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է: Ինչպես նախկինում, հիմա էլ լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին տրվում են հավաստագրեր, միայն թե այս անգամ առցանց տարբերակով»:
Մերի Փանոսյանի պնդմամբ, փորձում են այս ընթացքում մշտապես ակտիվ պահել նաև ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջը. «Ինչպես ուսանողներին, այնպես էլ տարբեր հարցերով դիմող բոլոր քաղաքացիներին տրամադրում ենք ճշտված և հստակ տեղեկատվություն: Բացի դրանից՝ մեր էջում տեղադրվում են գիտաուսումնական նյութեր, գրքերի ցանկ, ինչպես նաև ուսանողների համար մասնագիտական գրականության էլեկտրոնային աղբյուրներ»:
«Իհարկե, ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը ևս ունի: Այս պահին դադարեցված են ՈՒԳԸ միջազգային 7-րդ տարեկան գիտական նստաշրջանի կազմակերպչական աշխատանքները, քանի որ իմ կարծիքով, անորոշ իրավիճակում որոշումներ կայացնելն անիմաստ զբաղմունք է: Սահմանափակումների կրճատումից հետո անցկացման ձևաչափի մասին որոշակի պատկերացում կունենանք արդեն»,- պարզաբանում է ՈՒԳԸ նախագահը:
Նրա խոսքով, ստեղծված իրադրությունը բոլորի համար անսովոր է, բայց այն ինքնաճանաչման ևս մեկ հնարավորություն է. «Կարևորն այս իրավիճակի վերջում հաղթողի զգացում ունենանք: Առողջություն բոլորին»:
Քնար Միսակյան