- Главная
- Node
- ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Май 07, 2020 | 12:24
Հասարակություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ պրոֆեսոր, արցախյան բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանի խոսքը հայ զինվորի մասին:
«Բավական չէ իրազգի զավակը լինել,
պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»:
ԳարեգինՆժդեհ
Երևանի պետական համալսարանն իր հիմնադրումից ի վեր եղել և մնում է ոչ միայն գիտության ու մշակույթի կարևորագույն ու գլխավոր օջախ, այլև հայ ազգային մտքի դաստիարակության և հայ ոգու ձևավորման օրրան: Ի սկզբանե Մայր բուհն իր ուսումնադաստիարակչական և հանրային մշակութային գործունեությամբ սերունդներին ներարկել է ազգային գիտակցության և ազգային արժանապատվության, քաղաքացիական առաքինության, հայրենիքին նվիրվելու զգացում:
Եվ պատահական չէ, որ անցյալ դարի 50-ական թվականներից սկսած հենց համալսարանականներն էին, որ արծարծեցին և պատշաճ վերաբերմունքի արժանացրին մեր ժողովրդի համար այնքան կարևոր և, ես կասեի, նույնիսկ ճակատագրական, Արցախի հիմնախնդիրը: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և բազմահազար ուսանողությունը մեր ազգային գիտակցության վերելքի տարիներին` 1965-ին, ազգային շարժման դրոշակակիրներն էին:
1988 թ. Արցախյան շարժման առաջին իսկ օրերին համալսարանականներն առաջին շարքերում էին և համոզված էին, որ այդ արդար պայքարում մեզ հաղթանակ է վիճակված:
Ես հոգու թրթիռով եմ սպասում այսօր բանակ մեկնող մեր դիրքապահ ուսանողների վերադարձին և ակնածանքով դիմավորում նրանց, քանզի նրանք են մեր ժամանակի իրական և գործող հերոսները:
Հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ հերոսական սերնդի արժանավոր հետնորդներին` տաղանդավոր, աշխատասեր, հայրենապաշտ մեր ուսանողներին, որոնք պատրաստ են հայրենիքի առաջին իսկ կանչով գնալու իրենց ավագ եղբայրների, հայրերի ու պապերի արժանավայել ճանապարհով` պատրաստ օրհասական պահին սեփական արյամբ ջրելու Ծառը Հայրենյաց…
Բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր,
Արցախյան բանակի գնդապետ
Գուրգեն Մելիքյան