- Главная
- Node
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԶԴՈՒՄ Է ՌՈՍՏՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Октября 02, 2020 | 13:54
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԶԴՈՒՄ Է ՌՈՍՏՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Ռոստոկի համալսարանը (ՌՈՒ) և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) երկար տարիներ համագործակցում են հետազոտության ու ուսուցման, մասնավորապես քիմիայի ոլորտում:
Ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռալֆ Լյուդվիգը (ՌՈՒ) ու Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը (ԵՊՀ) արդյունավետ համագործակցել են տեսական քիմիայի ոլորտում:
Ռոստոկից ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը սերտորեն համագործակցում է օրգանական քիմիայի ոլորտում իր գործընկերների՝ ՀՀ ԳԱԱ կենսատեխնոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Սաղյանի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանի հետ:
Այս համագործակցության շրջանակում, որը վերաբերում է բժշկական կարևոր, նոր հետերոցիկլիկ միացությունների և ամինաթթուների սինթեզմանը, ղեկավարվել են շուրջ 50 հայ դոկտորանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների գիտական աշխատանքներ:
Ամեն տարի վեց ամսով Ռոստոկ են հրավիրվում երեք հայ ուսանողներ՝ իրենց փորձարարական հետազոտություններն իրականացնելու համար:
Հետազոտություններին աջակցում են, օրինակ, «Volkswagen Foundation»-ի կամ «DAAD»-ի հետ համատեղ տարբեր նախագծերը:
Համագործակցության շնորհիվ տպագրվել է ավելի քան 50 հրապարակում միջազգային հանրահայտ ամսագրերում:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Հարավային Կովկասում պատերազմ բռնկվեց միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության, որի բնակչության գերակշռող մասը հայեր են, և Ադրբեջանի միջև:
ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի է ունենում այս կորուստներով լի պատերազմը Արցախի Հանրապետության անկախության համար, որը՝ որպես ինքնավար մարզ, Խորհրդային Միության ժամանակ պաշտոնապես Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության մաս էր կազմում:
Ստեղծված իրավիճակը շատ մտահոգիչ է: Մի քանի օրվա ընթացքում երկու կողմերից էլ բազմաթիվ, այդ թվում՝ նաև քաղաքացիական զոհեր կան:
Ներկայումս Հայաստանում զորահավաք է, որը վերաբերում է նաև ԵՊՀ ուսանողներին:
Ադրբեջանը հայտարարել է, որ չի դադարեցնելու պատերազմը, քանի դեռ վերահսկողության տակ չի վերցրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը:
Թուրքիան իր հերթին հայտարարել է, որ ցանկանում է աջակցել Ադրբեջանին ընթացիկ պատերազմում:
Մտավախություն կա, որ միջազգային իսլամիստ ահաբեկիչները նույնպես կարող են միջամտել այս պատերազմին:
Հայկական կողմը զգուշանում է բռնությունից և տեղահանությունից՝ ունենալով 1915 թ. թուրքերի կողմից հայերի ցեղասպանության նախադեպը:
Պատերազմն անմիջականորեն վերաբերում է Ռոստոկի հայ ուսանողներին և մեր հայ գործընկերներին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և ԵՄ-ն կոչ են արել քաղաքական առաջնորդներին անհապաղ դադարեցնել մարտերը:
Հույս ունենք, որ կառավարությունները շուտով կդադարեցնեն մարտերը, և հարցին դիվանագիտական լուծումներ կգտնվեն:
Հակամարտությունները չպետք է կարգավորվեն բռնության և պատերազմի միջոցով:
Հետադարձ կապ:
Պրոֆ. Պետեր Լանգեր և պրոֆ. Ռալֆ Լյուդվիգ
Ռոստոկի համալսարան
Քիմիայի ինստիտուտ
Հեռ.՝ +49 381 498-6410; +49 381 498-6517