- Главная
- Node
- ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ANTON PAAR LITERSIZER 500» ՍԱՐՔԸ
Октября 07, 2021 | 15:30
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ANTON PAAR LITERSIZER 500» ՍԱՐՔԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր ներկայացվել է «Anton Paar Litersizer 500» սարքը, որը նախատեսված է նանոմասնիկների ուսումնասիրության համար, այն օգտագործվում է բազմաթիվ բնագավառներում՝ հատկապես երեք ռեժիմով չափումներ կատարելու համար (դինամիկ, էլեկտրաֆորետիկ, ստատիկ լուսացում):
Քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի սարքը ձեռք է բերվել ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» շրջանակում:
Հանդիպմանը ներկա էին Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ Շիրազ Մարգարյանը, ամբիոնի դասախոսներ, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Եվա Դալյանը, Հայաստանում «Anton Paar» ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչ «Concern-Energomash» ընկերության անալիտիկ բաժնի ղեկավար Գայանե Խաչվանքյանը:
Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ Շիրազ Մարգարյանը, ողջունելով ներկաներին, խոսեց սարքի ձեռքբերման կարևորության մասին. «Ավստրիական «Anton Paar» ընկերության այս սարքը նախատեսված է նանոմասնիկների ուսումնասիրության համար, այն օգտագործվում է բազմաթիվ բնագավառներում: Սարքի օգտագործումը հնարավորություն կտա բարելավելու ոչ միայն ֆակուլտետի գիտական, այլև ուսումնական գործունեությունը»:
Ամբիոնի վարիչը հավելեց, որ սարքը վերջին սերնդի արտադրանք է, առավել զարգացած հնարավորություններով և կատարելագործված, հանրապետությունում միակն է, ինչը պարտավորեցնում է այն լիարժեք օգտագործել:
Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, ավագ գիտաշխատող Հեղինե Ղազոյանը մանրամասն ներկայացրեց սարքի հնարավորությունները, տեխնիկական բնութագիրն ու առանձնահատկությունները. «Սարքի կիրառությունը բավականին մեծ է, հատկապես կենսաբժշկության, հանքարդյունաբերության ոլորտներում, կլինիկական հետազոտություններում, սննդի արտադրությունում: Սարքը հնարավորություն ունի երեք ռեժիմով չափումներ կատարելու՝ դինամիկ, էլեկտրաֆորետիկ և ստատիկ լուսացրման մեթոդներ»:
Ամբիոնի դոցենտը մանրամասն խոսեց յուրաքանչյուր մեթոդի մասին, ինչից հետո սարքը փորձարկեցին՝ չափումներ կատարելով:
Հասմիկ Ասլանյան