- Главная
- Node
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԵՎ «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Октября 07, 2021 | 19:20
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԵՎ «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովի շրջանակում նախաձեռնվել և իրականացվում են պանելային քննարկումներ՝ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ: Միջազգային հարաբերությունների ու Արևելագիտության ֆակուլտետներում այսօր տեղի են ունեցել համապատասխանաբար «Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները» և «Մերձավոր Արևելքի անվտանգային ռիսկերը» խորագրերով քննարկումներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է Անկախության 30-ամյակին նվիրված ՈՒԳԸ 7-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը, որի նպատակն է ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն ընձեռել ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանն ասաց, որ մասնագիտական բաժանմունքներում կազմակերպվող պանելային քննարկումները նպատակ ունեն ընտրված թեմայի շուրջ նոր գիտելիք հաղորդելու մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն տալու նրանց ծանոթանալու մասնագետների վերլուծություններին ու մեկնաբանություններին և անձամբ հարցեր ուղղելու նրանց:
ՈՒԳԸ նախագահի տեղեկացմամբ, գիտաժողովի ընթացքում նախատեսված է պանելային 4 քննարկում՝ «Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները», «Մերձավոր Արևելքի անվտանգային ռիսկերը», «ՀՀ անկախության երեսնամյա ուղին (կայացում, քաղաքական կառուցվածք)» և «Քաոսի տեսությունը» խորագրերով:
Միջազգային հարաբերություների ֆակուլտետի ՈԻԳԸ-ի կողմից կազմակերպված քննարկմանն այսօր բանախոսություններով հանդես են եկել Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, նույն ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն ու Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով հետպատերազմյան շրջանում Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերների, արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ու կոմպլեմենտարիզմի և դրա իրականացման մեխանիզմների մասին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանն ասաց, որ ամենատարբեր հարթակներից բազմիցս հնչած «անկախությունը բացարձակ արժեք է» գաղափարը կատարելապես հիմնավորվում է այն գնով, որ յուրաքանչյուրը պատրաստ է վճարել հանուն անկախ լինելու երազանքի. «Անկախությունը մեզ տրվել է արյան գնով, և այդ բացարձակ արժեքը պահպանելու համար խիստ անհրաժեշտ են նորանոր հաղթանակներ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում: Դրա համար էլ մեր այսօրվա պանելային քննարկումը նվիրված է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին»:
Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ էլ անցկացված քննարկմանն այսօր բանախոսություններով հանդես են եկել Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և Թյուրքագիտության ամբիոնի դասախոս Վարուժան Գեղամյանը: Մեզ հետ զրույցում Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Դունամալյանը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքը ցույց է տվել, որ մեր հասարակության մեծ մասը պատկերացում չունի տարածաշրջանի, տարածաշրջանում մեր գրաված դիրքի, ունեցած շահերի վերաբերյալ, ուստի այդ բացը լրացնելու համար ֆակուլտետային ՈՒԳԸ-ն առավել մեծ թափով նախաձեռնում և իրականացնում է բանախոսություններ:
«Այսօր տեղի ունեցած պանելային քննարկման թեմայի ընտրությունն էլ պայմանավորված է եղել նշված հանգամանքով: Մեզ համար կարևոր էր, որ միջազգային գիտաժողովի ընթացքում ևս խոսվի տարածաշրջանի երկրների հետ ունեցած մեր հարաբերությունների, փոխադարձ շահերի ու ակնկալիքների մասին, ինչը լավագույնս ներկայացրին այսօրվա բանախոսները»,- ասաց Տաթև Դունամալյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանն էլ տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում նախատեսված պանելային հաջորդ երկու քննարկումները տեղի են ունենալու վաղը համապատասխան մասնագիտական բաժանմունքներում:
Քնար Միսակյան