- Главная
- Node
- «ԵՐԿԱՐ ՏԵՔՍՏԵՐՆ ԱՅՍՕՐ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ, ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՔՍՏԵՐԻ ՈՃԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «KISS» (KEEP IT SHՕRT AND SIMPLE) ԲԱՆԱՁԵՎՈՎ». ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Октября 08, 2021 | 16:55
«ԵՐԿԱՐ ՏԵՔՍՏԵՐՆ ԱՅՍՕՐ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ, ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՔՍՏԵՐԻ ՈՃԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «KISS» (KEEP IT SHՕRT AND SIMPLE) ԲԱՆԱՁԵՎՈՎ». ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» խորագրով դասընթացը, որը վարում էր «Մեդիա պաշտպան» նախաձեռնության փորձագետ Էդգար Խաչատրյանը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացի սկզբում Էդգար Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ուսանողներին ներկայացրեց մեդիագրագիտության կարևոր սկզբունքները:
Բանախոսը նախ ուսանողներին ծանոթացրեց դասընթացի բովանդակությանը՝ անդրադառնալով մեդիանպատակին, մեդիափաստերին և ԶԼՄ-ների բրենդավորմանը:
«Կցանկանայի առանձնահատուկ նշել փաստերի կիրառման դերի և նշանակության մասին, որոնց շնորհիվ մարդիկ պարզապես օգտատերերից վերածվում են կարծիքի առաջնորդների»,- ասաց մասնագետը:
Նրա խոսքով, մեդիատիրույթում լսարան ձեռք բերելու համար շատ կարևոր է պատասխանել հետևյալ հարցերին՝ ո՞վ եմ ես և ի՞նչ եմ ներկայացնում, ի՞նչ պահանջներ և սպասելիքներ կան ինձնից, ի՞նչ եմ ուզում, որ լսարանը կարդա ու տեսնի. «Այս հարցերին պատասխանելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ որպես կանոն, լսարանի մեդիագրագիտության աստիճանը բարձր չէ, եթե չասենք, որ բավականին ցածր է նրա տեղեկատվական մակարդակը, և սա շատ լուրջ մարտահրավեր է հատկապես հետսովետական երկրներում»:
Փորձագետն անդրադարձավ նաև տեքստեր գրելու առանձնահատկություններին՝ նշելով, որ երկար տեքստերն այսօր այլևս արդիական չեն, և ժամանակակից տեքստերի ոճը կառուցվում է «KISS» (keep it shօrt and simple) բանաձևով, այսինքն՝ կարճ և կոնկրետ:
«Բացի դրանից՝ շատ կարևոր է, որ տեքստում տեղ գտնի որոշակի փաստի բացահայտում, այն ունենա ազդեցիկ սկիզբ և նույնքան ազդեցիկ ավարտ, պարունակի պարզ և հասարակ բառեր, պահպանի հետադարձ կապի հնարավորություն»,- ասաց Էդգար Խաչատրյանը:
Վերջինս անդրադարձավ նաև վստահություն առաջացնող այնպիսի բառերի կիրառությանը, ինչպիսիք են՝ դու, սեր, առողջություն, փող, նոր, ազատ, հեշտ, փրկել: