- Главная
- Node
- ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՊԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Декабря 08, 2021 | 17:01
Հասարակություն
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՊԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Միգրացիայի և ապաքաղաքացիության հետ կապված միջազգային և ներպետական հիմնախնդիրները» խորագրով սեմինար-քննարկում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանն ասաց, որ սեմինար-քննարկումը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության, Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի մարդու իրավունքների մասնագիտացման շրջանակում:
Նրա խոսքով, սեմինար-քննարկման նպատակն է ծանոթացնել ուսանողներին քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված գործնական հիմնախնդիրներին, դրանց հնարավոր իրավական լուծումներին և ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ ու իրավակիրառ պրակտիկայում առկա բացերին:
ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրի օգնական Մերրի Սահակյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ գրասենյակը բավականին մեծ փորձ ունի տարբեր երկրներում մարդկանց ապաքաղաքացի դառնալու գործընթացը կանխելու գործում. «Այժմ ցանկանում ենք մեր ունեցած գիտելիքները հաղորդել ապագա իրավաբաններին, որոնք հետագայում աշխատելու են միգրացիայի և ապաքաղաքացիության հետ կապված հիմնախնդիրների բախված մարդկանց հետ»:
Սեմինար-քննարկման ընթացքում «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչներ Արփինե Անանյանը և Սուրեն Բայրամյանը ներկայացրին կազմակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերը և դրանց շահառուներին, ինչպես նաև խոսեցին ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի մասին, որի շրջանակում օգնություն է տրվում Տավուշում, Լոռիում, Շիրակում և Երևանում գտնվող այն անձանց, որոնք անձնագրեր չունեն:
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողների համար այսօր բանախոսությամբ հանդես եկավ Միգրացիոն քաղաքականության մասնագետ Էնի Ալթհաուսը, որը ներկայացրեց միգրացիոն տեսությունը, միգրացիայի և ապաքաղաքացիության միջև կապը, անկանոն միգրացիայի և ապաքաղաքացիության վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ապաքաղաքացիների և միջազգային ու ներպետական պաշտպանության հիմնախնդիրները:
Քնարիկ Վարդանյանը չափազանց կարևորեց այս նախաձեռնությունը, ինչը հնարավորություն կընձեռի կլինիկայի ուսանողներին ավելի խորը ու բազմակողմանի գիտելիք ձեռք բերելու առանձին խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ. «Ստացված գիտելիքներն էլ հնարավորություն կտան ուսանողներին հետագայում առավել որակյալ իրավական աջակցություն ցուցաբերելու նշված հիմնախնդիրներին բախված անձանց, ինչի նպատակով էլ ձևավորվել է կլինիկական այս նոր ուղղությունը»:
Իրավաբանական կլինիկայի տնօրենը փաստեց, որ ակնկալվում է զարգացնել քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հետ կապված ուղղությունը և այդ նպատակով ընդլայնել հետագա համագործակցությունը ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ: