- Главная
- Node
- «ԵԹԵ ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ԻՆՁ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՊԱ ԴԱՐՁՅԱԼ ԿԸՆՏՐԵԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ». ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
Декабря 10, 2021 | 09:59
Հասարակություն
«ԵԹԵ ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ԻՆՁ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՊԱ ԴԱՐՁՅԱԼ ԿԸՆՏՐԵԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ». ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
Վալտեր Բերբերյանը սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրայում, ինչպես նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում: Ուսմանը զուգահեռ աշխատում է ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում: Մեր զրուցակիցը հեղինակել է մոտ 20 գիտական զեկուցումներ, գիտահանրամատչելի հոդվածներ, հրապարակախոսական նյութեր, որոնք տպագրել է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:
- Վալտե՛ր, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ պետք է ընտրել ԵՊՀ-ն ուսումնառության համար:
- Ես ընտրեցի ԵՊՀ-ն, քանի որ ԵՊՀ օլիմպիադայում, որին մասնակցում էին դպրոցականներ Երևանից և մարզերից, հաղթող էի ճանաչվել։ Ինձ անչափ գրավել էր Մայր բուհը, իսկ օլիմպիադան միևնույն ժամանակ մասնագիտական կողմնորոշման խթան դարձավ։ Աշխարհում կան վարկանիշավորման մի շարք համակարգեր, վարկանիշներ, որոնք դասակարգվում, ձևավորվում են՝ հաշվի առնելով տարբեր ցուցանիշներ, ռեսուրսներ, հանգամանքներ։ ԵՊՀ-ն տարածաշրջանային վարկանիշային համակարգում առաջատարն է, ընդգրկված է նաև միջազգային տարբեր վարկանիշներում, որոնցում տարեցտարի բարելավում է դիրքերը։
Եթե հիմա նորից ինձ հնարավորություն տրվեր ընտրություն կատարելու, ապա դարձյալ կընտրեի Մայր բուհը։ ԵՊՀ-ն ունի հարուստ պատմություն, բացառիկ դերակատարություն. այն արդեն իր գործունեության երկրորդ հարյուրամյակին է ձգտում։
- Ինչպե՞ս է ԵՊՀ-ում ստացած կրթությունը նպաստել Ձեր մասնագիտական և անձնային աճին։
- Նախ՝ նշեմ, որ չեմ սահմանափակվել ԵՊՀ-ի տված կրթությամբ, և խորհուրդ եմ տալիս չբավարարվել այն ամենով, ինչ տալիս են։ Կա տարածված թյուր դրույթ՝ Հայաստանում կրթություն չկա, որն անգամ կրկնել չեմ ուզում։ Իրականում ՀՀ-ում կա ամեն ինչ, չկա, այսպես ասած, իրացնողը։ Մասնագիտական և անձնային աճը պահանջում է երկարաժամկետ, չավարտվող աշխատանք։ Մարդն իր ողջ կյանքի ընթացքում սովորում ու զարգանում է, այլ բան է, որ նա չի ցանկանում իրեն տալ սովորելու, զարգանալու նեղությունը։ Հայաստանյան գրադարանների գրականության ընթերցումը, համացանցային հարուստ աղբյուրների զննումը, արտահամալսարանային սեմինարների, գիտաժողովների, քննարկումների, հանդիպումների մասնակցությունը ևս նպաստել են մասնագիտական ու անձնային աճիս։ ԵՊՀ-ում ստացած կրթությունն էլ այնքանով է նպաստել նաև, որ այսօր ունեմ հաստատուն աշխատանք։
- Ի՞նչ հնարավորություններ է ուսանողներին ընձեռում միջազգային գիտաժողովների և սեմինարների մասնակցությունը։
- Ես անչափ կարևորում եմ սեմինարների, գիտաժողովների, քննարկումների կազմակերպումը, և ինքս աշխատում եմ տարին մի քանի անգամ մասնակցել նմանատիպ միջոցառումների։ Սրանք ինքնարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն են ընձեռում։ Լսարանում հաճախ հնարավորություն չի տրվում այս կամ այն առարկայի շրջանակում քո խոսքը, դիտարկումները ներկայացնելու, իսկ մասնակցելով այդպիսի միջոցառումների՝ դու լսարանային պասիվ դիրքից անցում ես կատարում ակտիվ, գործուն վիճակի։ Մասնակցությունը նաև մասնագիտական աճի խթան է, արդյունավետ է հատկապես նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման և ծանոթություններ, նոր կապեր ստեղծելու առումով։
- Դուք աշխատում եք ԿԳՄՍՆ-ում, որքանո՞վ է ստացվում համատեղել աշխատանքն ուսումնառության հետ։
- Մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում՝ Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության կրթական նորարարությունների բաժնում, և ի՞նչն է հետաքրքրական, որ բաժնի բոլոր մասնագետները համալսարանականներ են։ Վստահ կարող եմ ասել, որ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում բաժնում, իրար միանգամից հասկանում ենք (երևի նրանից է, որ բոլորս համալսարանն ենք ավարտել)։
- Շուտով Ամանոր է, ի՞նչ սպասելիքներ և ակնկալիքներ ունեք գալիք տարուց։
- Այս գալիք տարում և հետագա տարիներին միայն ու միայն ուզում եմ հզոր տեսնել իմ հայրենիքը։ Գալիք տարին թող խաղաղություն սփռի ամբողջ աշխարհում, մասնավորաբար իմ հայրենիքում։
Անի Պողոսյան