- Главная
- Node
- ԵՊՀ. ԳՈՀԱՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԴԵՊԻ «ԷՐԱԶՄՈՒՍ»
Января 21, 2022 | 12:20
Հասարակություն
Ուսանողական
ԵՊՀ. ԳՈՀԱՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԴԵՊԻ «ԷՐԱԶՄՈՒՍ»
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Գոհար Առաքելյանն այժմ սովորում է Ռումինիայի Բրաշով քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանում: Նրա կարծիքով, սննդի անվտանգությունը Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման գերխնդիրներից է։
- Ընտրեցիք քիմիան. ինչո՞ւ և ինչպե՞ս։
- Քիմիան սկսել եմ սիրել կրկնուսույցիս շնորհիվ, որը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոսներից է, և արդեն կարճ ժամանակ անց հստակ որոշել էի՝ ինչ բաժին եմ ընդունվելու։
Դպրոցական տարիներին ինձ առավելապես հետաքրքրում էին հումանիտար առարկաները, բազմիցս մասնակցել եմ առարկայական օլիմպիադաների, բայց մասնագիտության հարցում վստահաբար նախընտրեցի բնագիտական ուղղությունը։
- Ինչպե՞ս ստացվեց, որ ուսումն այժմ շարունակում եք արտերկրում։
- Դեռևս բակալավրիատի 1-ին, 2-րդ կուրսերից անընդհատ փնտրում ու դիմում էի փոխանակման ծրագրերի։ Այս ծրագրի մասին տեղեկացրել ու բոլոր հարցերում քաջալերել է դասախոսս։ Ընդհանրապես ԵՊՀ-ում դասախոսների հարցում իմ բախտն իրոք բերել է։
- Ի՞նչն է Ձեզ տպավորել Ռումինիայում:
- Հաճելիորեն զարմացած եմ ռումինացիների և այստեղ ապրող այլ ազգերի ներկայացուցիչների բարությունից ու հոգատարությունից։ Չեմ կարողանում հիշել գոնե մեկ դեպք, որ որևէ մեկին խնդրած լինեմ ինչ-որ բանով օգնել, և խնդրանքս մնա անպատասխան։
Երբ դեռ Հայաստանում էի, անմիջական ղեկավարս հուշեց «Էրազմուսի» պատասխանատուներից ճշտել՝ ինչ ազգի ներկայացուցչի հետ եմ ապրելու հանրակացարանում։ Չեմ կարող ասել՝ դա ղեկավարիս կյանքի փորձն էր, թե նախազգացումը (կարծում եմ՝ երկուսն էլ), բայց պարզվեց, որ ադրբեջանցի աղջիկ է լինելու սենյակակիցս։ Իհարկե, խնդրեցինք, որ վերանայեն որոշումը: Դա շատ է տպավորվել իմ մեջ. հետաքրքիր կլիներ երկուսիս դեմքի արտահայտությունը, եթե ես նախօրոոք չիմանայի դրա մասին:
- Կրթական համակարգերի ի՞նչ տարբերություն եք արձանագրել։ Ի՞նչ կուզեիք տեսնել ԵՊՀ-ում։
- Ռումինիայում մագիստրատուրայի դասերը սկսվում են երեկոյան հինգից, վեցից հետո, որպեսզի ամբողջ դրույքով աշխատող ուսանողները կարողանան մասնակցել դասերին։ Դա, ըստ իս, շատ կարևոր և ճիշտ որոշում է, քանի որ ես ու կուրսեցիներս բախվել ենք այդ խնդրին։ Հայաստանում, առհասարակ, շատ դժվար է համատեղել կրթությունն ու աշխատանքն այնպես, որ դրանցից որևէ մեկը չտուժի։
Ինձ համար մինչ օրս տարօրինակ է, որ Ռումինիայում դասախոսները և ուսանողներն անհասկանալիորեն հանգիստ են վերաբերվում ուշացումներին։ Նրանք կարող են 1-2 ժամ դասից ուշանալ, իսկ դասախոսն անգամ դժգոհություն չի հայտնի։ Ես ավելի՛ շատ էի նյարդայնանում ժամանակի այդքան կորստից, քան դասախոսը։
Կարող եմ նշել նաև, որ դասախոսությունների նյութերն անհամեմատ ավելի քիչ են, քան ԵՊՀ-ում, իսկ ուսանողները մերոնց պես «կոփված» չեն մեծ ծավալի և բարդ բովանդակությամբ թեմաներ յուրացնելու համար։
- Ո՞րն է Ձեր գիտական աշխատանքի թեման։ Այն կիրառելո՞ւ եք Հայաստանում։
- Մագիստրոսական թեզիս թեման է «Կառավարման համակարգերի դերը սննդամթերքի անվտանգության ապահովման շղթայում»։ Առանձին անդրադարձ կա նաև Հայաստանում ոլորտի արդի իրավիճակին, որը, կարծում եմ, ներկայումս բնակչության անվտանգության ապահովման գերխնդիրներից մեկն է։ Ես և գործընկերներս պետք է գործադրենք հնարավոր բոլոր ջանքերն ու լծակները թե՛ բնակչության իրազեկվածության բարձրացման, թե՛ ոլորտի բարելավման համար։
- Ինչո՞վ եք ծրագրում զբաղվել առաջիկայում:
- Ինչքան էլ տարօրինակ հնչի, որոշ ժամանակով ուզում եմ ուսմանս գործընթացը դադարեցնել, կենտրոնանալ աշխատանքիս և մասնագիտական այլ ծրագրերի վրա։ Կարծում եմ, տարիներ շարունակ ձեռք բերած գիտելիքներս արդյունավետ կիրառելու ժամանակն է։
Քնար Միսակյան