- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ
Января 21, 2022 | 13:42
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ստուգում միջուկային ռեզոնանսների միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
Արեգ Դանագուլյանը ծնվել է Երևանում: Նա սովորել է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ 1993 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ:
Ա. Դանագուլյանն ուսումը շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), որտեղ մասնագիտացել է միջուկային գիտության և ճարտարագիտության մեջ: Նա այժմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:
Ա. Դանագուլյանն իր գիտական թիմի հետ 2020 թ. արժանացել է «Arms Control Person of the Year» մրցանակին, որը տրվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի և նրա թիմի աշխատանքը ներառում է նեյտրոնային փնջերի օգտագործմամբ միջուկային սպառազինության ստուգման նորարար գործընթացի մշակումը։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում միջուկային զենքը, խոսել հասարակական ու քաղաքական այն խնդիրների մասին, որոնցից բխում են տեխնոլոգիական խնդիրները և անդրադարձել միջուկային սպառազինության վերահսկման մեխանիզմներին:
Դասախոսության ավարտին պրոֆեսորը պատասխանել է ներկաների հարցերին: