- Главная
- Node
- «ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ».ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Января 21, 2022 | 17:03
«ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ».ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների, ինչպես նաև PR ոլորտի առաջատար մասնագետների համար «Մոռացությունը հաղորդակցության մեջ» խորագրով առցանց դասախոսություն վարեց գերմանացի հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter) Վազրիկ Բազիլը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյան ներկայացնելով հյուրին՝ նշեց, որ հյուրը ոլորտի լավագույն մասնագետներից է, և մեծագույն հաճույք է ունկնդրել նրա դասախոսությունները:
Վազրիկ Բազիլն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ա. Ավետիսյանին նմանօրինակ առիթ կրկին ընձեռելու համար:
Անդրադառնալով դասախոսության թեմային՝ վերջինս փաստեց, որ մոռացության թեման հաճախ անգամ մասնագիտական գրականության մեջ լուսանցքային նշանակություն ունի, մինչդեռ իրականում այն հաղորդակցման կարևորագույն բաղադրիչներից մեկն է. «Հիշողությունն ու մոռացությունը ոչ թե լուսանցքային, այլ առանցքային դեր ունեցող PR գործիքներն են, որոնք էական նշանակությունն հաղորդակցման մեջ»:
Անդրադառնալով մոռացության հաղորդակցային իմաստին՝ նա պարզաբանեց, որ այս դեպքում մոռացությունն այն է, երբ որևէ երևույթ կորցնում է իր նշանակությունը:
Ներկայացնելով հաղորդակցության մեջ մոռացության դերը՝ բանախոսը պարզաբանեց, որ ձեռնարկությունները ցանկանում են հիմնականում մոռացության տալ իրենց պատմության վատ և տագնապային էտապները:
Դասախոսության ընթացքում Վազրիկ Բազիլն անդրադարձավ նաև այն բոլոր հաղորդակցային և մշակութային գործիքակազմին, որոնք նպաստում են մոռացության մատնելուն. «Մոռացնել տալու համար 3 միջոց գոյություն ունի՝ կուտակում, փոխարինում, վերացում կամ ջնջում»:
Դասախոսության վերջում մասնագետը պատասխանեց առցանց դասախոսության մասնակիցների հարցերին: