- Главная
- Node
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
Марта 10, 2022 | 13:58
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Երևանի թիվ 148 ավագ դպրոցի սաները հանդիպել են պրոֆեսոր Սամվել Մուրադյանի հետ:
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանը և փաստեց, որ ԵՊՀ-ի և ավագ դպրոցի արդյունավետ համագործակցության արդյունքում պարբերաբար տեղի են ունենում նմանօրինակ հանդիպումներ, որոնց շնորհիվ աշակերտները կարող են իրենց մասնագիտական ընտրությունն առավել դյուրին կատարել:
Այնուհետև հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
Նա անդրադարձավ գրողի կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին՝ ներկայացնելով վերջինիս գրական կեղծանվան, ստեղծագործական բարդ ուղու պատմությունն ու փիլիսոփայական հայացքները. «Հայ ժողովուրդը, ունենալով Եղիշե Չարենց գրողին, շատ բան ունի: Չարենցն ինքն էլ շատ լավ գիտակցել է իր անձի մեծությունը»:
Սամվել Մուրադյանը փաստեց, որ Չարենցի գրական կեղծանվան մասին բազմաթիվ վարկածներ կան. Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, որ Կարս էր եկել Չարենց ազգանվամբ բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է. «Մեկ այլ վարկած էլ կա այն մասին, որ նա չար երեխա է եղել։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է, իսկ ըստ մեկ այլ տեսակետի էլ՝ Չարենց ազգանունն Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում է ծնվել»:
Դասախոսության ավարտին աշակերտներն իրենց հուզող հարցերն ուղղեցին պրոֆեսորին և ստացան սպառիչ պատասխաններ: