- Главная
- Node
- ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ - 2022»-Ի 1-ԻՆ ՓՈՒԼԸ
Апреля 04, 2022 | 15:58
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ - 2022»-Ի 1-ԻՆ ՓՈՒԼԸ
Երևանի պետական համալսարանը շարունակում է դպրոցականների համար կազմակերպել արդեն ավանդույթ դարձած օլիմպիադան, որին ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցներից հայտագրվել էր 1965 աշակերտ:
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վ. Գալստյանը, նախքան օլիմպիադայի սկսելը, ողջունեց մասնակիցներին՝ ասելով, որ սա գիտելիքները միասնական քննությունների նախաշեմին ստուգելու լավ հնարավորություն է. «Օլիմպիադայի հարցաշարը կարող է ավելի բարդ լինել, քան միասնական քննություններինը: Միջինից բարձր գնահատականներ ստանալու դեպքում էլ կարող եք համարել, որ ապահովել եք ձեր հաղթանակը»:
Աշակերտներն իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 13 առարկաների մրցույթներում (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պետություն և իրավունքի հիմունքներ):
Օլիմպիադայի տևողությունը օտար լեզուների համար սահմանված էր 2 ժամ 30 րոպե, իսկ մնացած առարակաների համար՝ 3 ժամ:
Նախորդ տարիների համեմատությամբ այս տարվա մասնակիցների թիվը քիչ էր: Ամենաշատ հայտադիմումները հայոց լեզու և գրականություն (424), անգլերեն (375), մաթեմատիկա (328) առարկաներից էին:
Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կ. Ղազարյանը այս տարի դիմորդների ավելի քիչ մասնակցությունը պայմանավորում է «COVID 19»-ով. «Նախորդ 2 տարիներին օլիմպիադա չկազմակերպվեց՝ պայմանավորված «COVID 19»-ով: Համալսարանի և դիմորդների միջև կապը բացակայում էր. նրանք տեղյակ չէին, որ այսպիսի օլիմպիադաներ են կազմակերպվում: Սակայն վստահ եմ՝ հաջորդ տարի հայտագրվողների թիվը նորից կավելանա»:
Բոլոր մասնակիցները բարձր տրամադրություն ունեին: էմիլյա Երիցյանը ԵՊՀ-ում առաջին անգամ է: Մասնակցելու է քիմիայի օլիմպիադային. «Սա համալսարանը տեսնելու և ուժերը փորձելու լավ առիթ էր: Մի փոքր լարված եմ, սակայն միջավայրը շատ տրամադրող է»:
Ի տարբերություն առաջին փուլի, որն անցկացվում է Երևանում և մարզերում, 2-րդ փուլը կանցկացվի միայն համալսարանում ապրիլի 16-ին՝ ժամը՝ 11:00-ին:
Երկրորդ փուլում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում 1-ին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40 և 30%։ Մյուս մասնակիցները կստանան գովասանագրեր: