- Главная
- Node
- «ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ». ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
Апреля 05, 2022 | 16:39
Կրթություն
Մշակույթ
«ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ». ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթն օրերս այցելել էր ԵՊՀ և հանդիպել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու համագործակցության նոր կամուրջներ կառուցելու ուղիները, որոնք երկու ժողովուրդների կրթական ու գիտական հաղորդակցությունն էլ ավելի արդյունավետ կդարձնեն: Դեսպանը զբաղվում է մանկավարժական ու գիտահետազոտական գործունեությամբ: ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսոր է: Ջորջ Ա. Սաիդ-Զամիթի հետ խոսել ենք երկկողմ համագործակցության հեռանկարների և առաջիկա ծրագրերի մասին:
- Պարո՛ն դեսպան, ԵՊՀ-ի հետ համագործակցության ի՞նչ ուղիներ եք նախանշել:
- Իմ դերը, որպես դեսպան, կամուրջներ փնտրելն է, որոնք կօգնեն մարդկանց կապեր հաստատել: ԵՊՀ-ն և Մալթայի համալսարանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, ինչն ինձ համար շատ հաճելի է, քանի որ դրա շնորհիվ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար նոր հնարավորություններ են ստեղծվելու: ԵՊՀ ռեկտորի հետ քննարկել ենք, թե ինչ նոր նախագծեր կարող ենք իրականացնել, որոնք կամրապնդեն հաստատված համագործակցությունը: Կարծում եմ՝ համաձայնագրերի արդյունավետությունն առհասարակ կախված է նաև ակնկալիքներից: Կցանկանայի՝ սերտ համագործակցություն հաստատվի նաև երկու համալսարանների ստորաբաժանումների՝ ֆակուլտետների, ամբիոնների և բաժինների միջև:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք երկու ժողովուրդների միջև բարեկամական կապեր հաստատելու համար:
- Հայաստանը և Մալթան շատ ընդհանրություններ ունեն՝ սկսած քրիստոնեությունից: Պատմամշակութային ու կրոնական բազմաթիվ նմանությունները երկու ժողովուրդների համար համագործակցության լայն հորիզոններ են բացում: Իհարկե, նմանություններից բացի՝ ունենք շատ տարբերություններ (մշակութային, լեզվական և այլն), բայց կարևորն այն է, որ մենք կարող ենք հասկանալ իրար: Աշխատելով որպես դեսպան՝ հասկացել եմ, որ եթե մարդիկ ցանկանում են համագործակցել, պետք է հասկանան իրար, իսկ դրա համար անհրաժեշտ է ճանաչել միմյանց մշակույթը, և դա ամենակարևորն է: Անցյալ շաբաթ մենք համագործակցության համաձայնագիր ենք ստորագրել Մատենադարանի հետ, ինչը ևս մեկ անգամ փաստում է իմ այն համոզումը, որ նախքան տնտեսական և բիզնես կապեր ստեղծելը՝ պետք է նախևառաջ մշակութային կապեր հաստատել:
- Հաջորդ տարի Հայաստանը և Մալթան տոնելու են երկկողմ համագործակցության հաստատման 30-ամյակը: Ի՞նչ ծրագրեր կան այս կապակցությամբ:
- Այդ նշանակալի իրադարձության կապակցությամբ նախատեսում ենք կազմակերպել միջազգային ցուցադրություն, որին կներկայանան Մատենադարանը և Մալթայի ազգային գրադարանը: Կարծում եմ՝ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հաստատված համագործակցության զարգացման շնորհիվ կկարողանանք առավել արդյունավետ դարձնել նաև տուրիզմի ոլորտում առկա համագործակցությունը, որն իրականում ավելի շատ մարտահրավերներ է պարունակում և ավելի մեծ ջանքեր պահանջում:
- Ի՞նչ զգացողություններ ունեք Հայաստանի նկատմամբ:
- Ես Հայաստանը համարում եմ իմ երկրորդ տունը: Այստեղ, երբ մարդկանց հետ մտերմանում ես, նրանք դառնում են ոչ թե բարեկամներ, այլ քույրեր ու եղբայրներ: