- Главная
- Node
- ՖՐԱՆՍԵՐԵՆ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Апреля 16, 2022 | 18:00
Մշակույթ
ՖՐԱՆՍԵՐԵՆ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որն արդեն կրում է մեծն Շառլ Ազնավուրի անունը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպել էր «Ֆրանսիական երգի փառատոն» խորագրով միջոցառում։
Ինչպես արդեն հայտնել էինք, մեծ հայի հիշատակը հայ ուսանողության շրջանում վառ պահելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը որոշում կայացրեց մշակույթի կենտրոնն անվանակոչելու Շառլ Ազնավուրի անունով:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵԼՀ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ասելով, որ Շառլ Ազնավուրի աչքերում տեսնում ենք հայ ժողովրդի տառապանքն ու ուրախությունը միաժամանակ. «Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում Ազնավուրի հսկայական օգնությունը. նա իր ողջ կյանքում ոչ մի վայրկյան չդադարեց իր հայրենիքին օգնելուց և միշտ ծառայեց հայ ժողովրդին: Նրա գործն անգնահատելի է»։ ԵՊՀ ռեկտորը այս կարևոր օրվա կապակցությամբ շնորհավորեց բոլոր ներկաներին և Մայր բուհի ուսանողներին դիմեց ուղերձով. «Փորձեք ապրել ու գործել, ինչպես Շառլ Ազնավուրը, ծառայել ազգին ու համալսարանին, ավարտելուց հետո էլ մշտապես կապ պահպանել ԵՊՀ-ի հետ»։
ԵԼՀ ֆակուլտետի դեկան Գ. Բարսեղյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, շնորհակալություն հայտնեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին և կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին ՝ մեծանուն հային և նրա գործը մշտապես արժևորելու համար։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կ. Դավթյանն ասաց, որ Շառլ Ազնավուր լեգենդը շարունակում է ապրել ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի սրտում. «Նա իր արվեստով ձևավորել է մարդկության համար մեծագույն արժեքներ և շարունակում է կրթել սերունդներին: Համալսարանում մշտապես կազմակերվել և կազմակերպվում են մեծն հայորդուն նվիրված մշակութային միջոցառումներ»։
Միջոցառման ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի երգերը, մշակութային համարներով հանդես եկան «YSU band»-ը, կենտրոնի մեներգիչները, երգչախումբը, աղջիկների պարային համույթը և ճանաչված երգահան, գործիքավորող Արթուր Հակոբյանը: