- Главная
- Node
- «ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹ Է ԼԻՆԵԼՈՒ»․ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼԻԱՆԱ ՎԱՆՅԱՆ
Апреля 19, 2022 | 15:21
Կրթություն
Գիտություն
«ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹ Է ԼԻՆԵԼՈՒ»․ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼԻԱՆԱ ՎԱՆՅԱՆ
Կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի առաջին կուրսի ասպիրանտ Լիանա Վանյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից է: Նա պատմել է իր գիտական թեմայի, դրա նորույթի, արդիականության և ընդհանրապես գիտությամբ զբաղվելու կարևորության մասին:
Դեռ դպրոցական տարիքում ինձ պատկերացնում էի կենսաբանության ոլորտում ինչ-որ փորձեր կատարելիս։
Երբ ընդունվեցի համալսարան, արդեն երկրորդ կուրսից սկսեցի գնալ լաբորատորիա և տարբեր փորձեր կատարել: Բայց երբ երիտասարդ ես, առանց ուղղորդման՝ գիտություն մուտք գործելը շատ դժվար է կամ նույնիսկ անհնարին։ Պրոֆեսոր Կարեն Թռչունյանի ղեկավարությամբ սկսեցի աշխատանքս, և գիտության հանդեպ իմ սերն սկսեց աճել։
Իմ հետազոտության շրջանակում մանրէի վրա ածխաջրի քանակության ազդեցությունն ուսումնասիրելն է:
Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում օգտագործում ենք տարբեր մանրէներ, որոնք ունակ են յուրացնելու թափոնների (օրինակ՝ գարեջրի արտադրության թափոններ, սուրճի նստվածք, ալկոհոլի արտադրությունից մնացած թափոններ և այլն) մեջ առկա նյութերը և արտադրելու մոլեկուլային ջրածին կամ այլ արժեքավոր վերջնանյութեր: Սակայն էականն արտադրման մեխանիզմն է: Այսինքն՝ դեռևս հետազոտության կարիք ունի այն, թե ինչպես են ընթանում արտադրության մեխանիզմները, ֆերմենտների փոխազդեցությունները միջավայրի տարբեր պայմաններում և ածխածնի առկա աղբյուրի դեպքում:
Ընդհանրապես մանրէներն ունակ են յուրացնելու ածխաջրերը, որոնք թափոններում տարբեր քանակությամբ են լինում:
Իմ հետազոտությունը մանրէի վրա ածխաջրի քանակության ազդեցության մասին է, իսկ ածխաջուրը մանրէի սնունդն է: Հետևաբար, եթե ես բացահայտեմ նյութափոխանակային այդ ուղիները, կենսաէներգետիկական պարամետրերը, այսինքն՝ մանրէի թաղանթով տեղի ունեցող նյութերի ներհոսքը, արտահոսքը, դրանում էներգիա առաջացնող մեխանիզմները, ապա կկարողանամ կառավարել այդ գործընթացը: Այս մեխանիզմը օպտիմալ կլինի ջրածին կամ այլ պրոդուկտ ստանալու համար:
Այն, ինչ մենք պատրաստվում ենք ցույց տալ, ամբողջ աշխարհում գիտական նորույթ է լինելու:
Բուն հետազոտությունը վերաբերում է բջջում էներգիայի առաջացման ուղիներին և Պիտեր Միտչելի տեսությանը, որն առաջարկվել է դեռևս 1961 թվականին և մինչ օրս օգտագործվում է գիտնականների կողմից: Մեր տարբեր գիտափորձերն ու եզրակացությունները ցույց են տալիս, որ էներգիայի առաջացման այլ ուղիներ էլ կան, որոնց մասին հիպոթեզն առաջարկվել է այլ գիտնականների կողմից: Այլընտրանքային տեսության զարգացման հետազոտություններ աշխարհում այս պահի դրությամբ շատ քիչ են կատարվում․ գիտական շատ խմբեր այլևս չեն զբաղվում դրանցով, քանի որ արդյունքի չեն հասել:
Ինձ համար արդյունավետ է գիտական հետազոտությունները բիզնես գաղափարի վերածելը: Այն ոչ միայն բավարարում է գիտնականի հետաքրքրությունները, այլև լուծում համաշխարհային խնդիրներ:
Ինձ հետաքրքրող մնացած ոլորտները նույնպես գիտությունից բխող են: Բացի գիտահետազոտական աշխատանքներ կատարելուց՝ խմբով ձևավորել ենք նաև ստարտափ նախագիծ, և մենք այնտեղ ուսումնասիրում ենք սուրճի՝ որպես պարարտանյութի նստվածքի ազդեցությունը բույսի վրա՝ իմանալու դրա խթանող ազդեցությունը: Այս մոտեցումը ոչ միայն հնարավորություն է տալիս լինելու լաբորատորիայում, կատարելու ստանդարտ հետազոտություններ, այլև տեսնելու՝ աշխարհում ինչ միտումներ ու նորարարական գաղափարներ են զարգանում:
Գիտության մեջ աստիճանաբար վերանում է կին և տղամարդ դիսկրիմինացիան:
Այժմ կարելի է ասել, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում կին գիտնականներին ավելի են խրախուսում: Հաճախ են կազմակերպվում ծրագրեր, որոնց միջոցով խրախուսվում է նրանց գործունեությունը:
Մեզ մոտ ընդունված սովորույթ է ֆակուլտետ նոր ընդունված և մեր ամբիոնի գիտական ոլորտով հետաքրքրված ուսանողներին մեր կուտակած գիտելիքները փոխանցելը:
Հաճախ նոր ընդունված ուսանողները տեղյակ չեն լինում, որ կարող են այցելել լաբորատորիա, փորձեր կատարել: Սակայն մենք իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, կազմակերպում աշխատաժողովներ: Այդ ամենը նպաստում է, որ նրանք իմանան այն, ինչ մինչև համալսարան ընդունվելը չգիտեին, և, ի վերջո, իրենք էլ հետաքրքիր գաղափարներով հանդես գան:
Մարինե Մկրտչյան