ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԵՊՀ ուսանողները մասնակցեցին ««Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և հաճախորդների փոխհարաբերությունների կառուցման մեխանիզմները» խորագրով դասընթացին, որի ավարտին ստացան հավաստագրեր:
![details-of-banking-system-activities-presented-to-YSU-students](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/IRfneySK6lvbwhTc9UhZfdJlnd.jpg?h=bccd1fa5&itok=P48AKpXq)
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացը վարեցին «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի Հայաստանի մասնաճյուղային ցանցի տնօրեն Աշոտ Թորոսյանը և Հայաստանի անձնակազմի կառավարման գծով խորհրդատու, ուսուցման և զարգացման գծով պատասխանատու Դիանա Սեխպեյանը:
Աշոտ Թորոսյանը կարևորեց նմանօրինակ դասընթացները, որից հետո ներկայացրեց բանկի կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունները: Բանախոսը մասնավորապես խոսեց անձնական կամ կորպորատիվ հաշիվների բացման և սպասարկման, արտարժույթի փոխարկման, դրամական փոխանցումների, բանկային համակարգում հաճախորդի դերի, վճարումների ընդունման, հաճախորդների և բանկերի միջև հաղորդակցման ուղիների, հաճախորդների սեգմենտավորման և այլ թեմաների վերաբերյալ:
«Առանց նմանատիպ հանդիպումների՝ հնարավոր չէ պատկերացում կազմել աշխատաշուկայի պահանջների մասին»,- ասաց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:
Դիանա Սեխպեյանը խոսեց բանկի «ընտրության գործատու» («Employer of Choice») լինելու մասին, ինչպես նաև ներկայացրեց կազմակերպության ներքին մշակույթը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր հնչեցրին, իսկ ավարտին մասնակիցները հավաստագրեր ստացան։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը իր գործունեության ընթացքում մշտապես կազմակերպում է դասընթացներ, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատաշուկայի նորություններին: