- Главная
- Node
- «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՌՈԶԱ ԼԻՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
Апреля 21, 2022 | 22:01
Մշակույթ
«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՌՈԶԱ ԼԻՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
Այսօր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի հետ:
Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը, արվեստասեր այլ անձինք:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում նշեց. ‹‹Շատ ուրախ ենք Ռոզա Լինին ԵՊՀ-ում հյուրընկալելու համար: Վստահ ենք՝ հաջորդ անգամ նա համալսարան կգա՝ որպես հաղթող››:
Հանդիպման ընթացքում Ռոզան պատասխանեց ուսանողների հարցերին: Նա իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելը և ընդգծեց, որ եվրատեսիլյան երգերը այս տարի էլ մրցունակ են, ուստի անհրաժեշտ է մրցույթին ներկայանալ չափազանց պատրաստված. «Պարտավորեցնող է այն, որ մեր երկիրը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու եմ ես, և ոչ թե ինչ-որ հանրահայտ երգիչ: Ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում հատկապես այն փաստին, որ ես հենց Հայաստանն եմ ներկայացնելու»:
Աննա Օհանյանն էլ խոսեց նախընտրական փուլի, մասնակցի ընտրության և ներկայումս տարվող աշխատանքների մասին:
Հանդիպման մասնակիցներից Տաթև Ալիխանյանը (վերջինս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է), կարևորելով հանդիպումը, նշեց. ‹‹Այսօր առավոտս սկսել եմ հենց Ռոզայի երգով: Ուրախ եմ, որ համալսարանը մեզ համար ստեղծում է մշակութային գործիչների հետ հանդիպելու հնարավորություն։ Ամեն անգամ տպավորություններս անպատմելի են լինում››:
Հանդիպման վերջում Ռոզան և հանդիսատեսը միասին կատարեցին սիրված «Snap» երգը: