ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
«Արցախյան ընթերցումներ» խորագրով Թաթուլ Կրպեյանի անվան հանրապետական ամենամյա գիտաժողովը կազմակերպվել է ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, «Թաթուլ Կրպեյան խաղաղություն» հիմնադրամի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ նախաձեռնությամբ:
![Annual-Republican-Conference-after-Tatul-Krpeyan-entitled--Artsakh-Readings-](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/7pFCIIN8avLbTAoNTan2S0OXE5.jpg?h=bccd1fa5&itok=qB7QIDv8)
Երկօրյա գիտաժողովի մասնակցների թիվը մոտ 50 է: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ֆակուլտետի դեկան պատմ. գիտ. դոկտ., պրոֆ. Էդիկ Մինասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, ուսանողներ և այլ հյուրեր:
Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Դեկանը կարևորեց գիտաժողովների կազմակերպումը, հատկապես երբ դրանցում արծարծվում են արդիական խնդիրներ:
Երկօրյա գիտաժողովի նպատակն է Արցախին առնչվող խնդիրները մի քանի ուղղությամբ գիտական ուսումնասիրության ենթարկելը: Այս համատեքստում էլ առանձնացվել են հետևյալ ուղղությունները՝ տնտեսական, քաղաքական, միջազգային իրավունք և անվտանգային հարցեր:
Պատմ. գիտ թեկն., դոցենտ Միքայել Մալխասյանն իր ելույթում կարևորեց գիտաժողովի դերը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ցավալի, սակայն և հույժ կարևոր է աշխարհաքաղաքական այսպիսի ժամանակաշրջանում թեմայի շուրջ խոսելը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քրիստինե Կարապետյանը, խոսելով գիտաժողովի կազմակերպման մասին, նշեց. «Կարևոր են նմանատիպ գիտաժողովները և հատկապես այն քննարկումները, որոնք վերաբերում են Արցախին։ Պատմական այս ժամանակաշրջանում պետք է բոլորիս ուշադրությունը սևեռվի Արցախի կողմը, իսկ գիտաժողովը միտված է հենց դրան»: