- Главная
- Node
- «ԱՅՍ ՈՒՍԱՆՈՂ-ՊՐՈՖԵՍՈՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԻ ԱՅՆ ԲՈԼՈՐԸ, ՈՐ ԱՐԴԵՆ ԳՐԵԼ ԵՄ, ԱՅԼԵՎ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՏՈՂԵՐԸ, ՈՐ ԴԵՌ ՆՈՐ ՊԻՏԻ ԳՐԵՄ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Апреля 27, 2022 | 17:21
Կրթություն
«ԱՅՍ ՈՒՍԱՆՈՂ-ՊՐՈՖԵՍՈՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԻ ԱՅՆ ԲՈԼՈՐԸ, ՈՐ ԱՐԴԵՆ ԳՐԵԼ ԵՄ, ԱՅԼԵՎ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՏՈՂԵՐԸ, ՈՐ ԴԵՌ ՆՈՐ ՊԻՏԻ ԳՐԵՄ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր հայ ժողովրդի զավակներից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Հ. Շիրազի հետ ունեցած մտերմության, ցայսօր շարունակվող հոգևոր կապի և գեղեցիկ հուշերի մասին պատմում է Հ. Շիրազի ձեռագրերի ժառանգորդը դարձած պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
Շիրազի հետ ունեցել ենք 25 տարիների մտերմություն նրա կենդանության օրոք և արդեն 38 տարիների մտերմություն՝ նրա վախճանից հետո: Հենց Շիրազն է պատճառ դարձել, որ ես Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ուսանողից դառնամ բանասիրության ֆակուլտետի ուսանող: Երբ ես ուսանող էի, Շիրազը տեխնիկումի տնօրենին հարցրեց.
-Քանի՞ ուսանող ունիք:
- 400,- ասաց տնօրենը:
-399-ը՝ քեզ, 1-ը՝ ինձ,- պատասխանեց Շիրազը:
Այդպես մենք դարձանք մտերիմներ, և ես սկսեցի ուսումնասիրել Շիրազի ձեռագրերի աշխարհը, անգամ բոլոր այն ստեղծագործությունները, որոնք անգիր գիտեի (մեր ծանոթությունից առաջ ես գիտեի նրան՝ որպես բանաստեղծի):
Նա ամեն տարի կարդում էր «Վերք Հայաստանի» վեպը և հատկապես Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 20-ից հետո, ինձ զանգահարում կամ գրում էր. «Ինձ չխանգարե՛ք, «Վերք Հայաստանի»-ն պիտի կարդամ»: Երբ ավարտում էր, լուր էր ուղարկում, որ վերջացրել է, գնամ՝ զրուցենք: Երևանի փողոցները չափչփելով՝ ամեն տարի խոսում էինք «Վերք Հայաստանի» վեպի մասին: Ինքը սկսում էր արտասանել առաջին տողից մինչև վերջին տողը, իսկ երբ հոգնում էր, ասում էր. «Դե՛, շարունակե՛»:
1966 թվականի այս լուսանկարում պատկերված են բանաստեղծը և Ս. Մուրադյանը: Լուսանկարն արվել է Ե․ Չարենցի անվան դպրոցի աշակերտության և ուսուցիչների հետ Հ. Շիրազի և Ս. Մուրադյանի հանդիպումից հետո։ Ս. Մուրադյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է բանաստեղծին և նրա «Հայոց դանթեականը» դատաստանամատյան-պոեմը:
Հավաքված ժողովուրդը տեսնում էր Շիրազին ու մի պատանու՝ նրա կողքին: Ասում էին. «Սա էն խելառ Շիրազն է, հասկացանք, բա այս երիտասարդը մեղկ չէ՞, որ ընկել է սրա խելքին»:
Աբովյան քաղաքում՝ Կինոյի տանը, մի հանդիպման ժամանակ, երբ Շիրազին հարցրին, թե որտեղից գտավ Սամվել Մուրադյանին (այդ ժամանակ ես բանասիրականի 2-րդ կուրսի ուսանող էի), ասաց. «Սամվել Մուրադյանն իմ մտերիմն է, իմ հարազատը, իմ զավակն է, որովհետև այս ուսանող-պրոֆեսորը ոչ միայն գիտի այն բոլորը, որ արդեն գրել եմ, այլև այն բոլոր տողերը, որ դեռ նոր պիտի գրեմ»:
Շիրազի մահից հետո ես ձեռնամուխ եմ եղել նրա շատ ստեղծագործություններ հրատարակելու գործին, օրինակ՝ 2011 թվականին ԵՊՀ հրատարակչությամբ՝ «Անի» պոեմը, 2014 թվականին՝ «Թոնդրակեցիները» անտիպ պոեմը, «Հուշարձան հայրիկիս» գիրքը, «Անտիպ էջեր» շարքը. 3 գիրք լույս է տեսել, 4-րդը պատրաստվում է տպագրության: Հաջողվեց հրատարակել նաև «Հայոց դանթեականը» պոեմը:
Մինչ օրս էլ շարունակվում է Շիրազի ձեռագրերի ուսումնասիրությունը: Կատարվել է հետազոտական մեծ աշխատանք, որի հիման վրա կարող է հրատարակվել ակադեմիական լիակատար ժողովածու:
Հովհաննես Շիրազը բարդ բնավորություն ուներ. ամեն մարդու հետ ընկերություն չէր անում, բոլոր ընկերների հետ վիճում, խռովում էր՝ բացի Սուրեն Աղաբաբյանից, Խաչիկ Դաշտենցից ու… ինձնից:
Շիրազը շատ լավ գիտեր՝ ով է ինքը…