- Главная
- Node
- «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՏՈՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». ՖՐԱՆԿ ՆՈՅԲԱԽԵՐ
Апреля 29, 2022 | 14:40
Կրթություն
Գիտություն
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՏՈՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». ՖՐԱՆԿ ՆՈՅԲԱԽԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կայացավ «Ենթամշակույթը և բռնությունը քրեակատարողական հիմնարկներում. Հայաստան, Գերմանիա, Վրաստան» խորագրով միջազգային գիտաժողովը: Ապրիլի 28-29-ը կայացած գիտաժողովի շրջանակում քննարկվեցին ներկա մարտահրավերները, որոնք ծառացած են երեք երկրի քրեակատարողական համակարգի առջև: Առաջարկվեցին լուծումներ՝ քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարելու և դատապարտյալների վերասոցիալականացումն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի խոսքով՝ աշխատաժողովը նպաստում է փորձի փոխանակմանը. «Կազմակերպիչները հրավիրել են ոլորտում պայքարի լուրջ փորձ ունեցող երկրի՝ Գերմանիայի լավագույն մասնագետներից մեկին՝ Ֆրանկ Նոյբախերին, և մեր հարևան Վրաստանի երկու պրոֆեսորների՝ Մորիս Շալիկաշվիլիին և Գիորգի Խազալիային»:
ԳԴՀ դեսպանատան առաջին քարտուղար Մարկոս Չանն ասաց, որ վերջին 2 տարվա ընթացքում համավարակը խոչընդոտներ առաջացրեց, իսկ այժմ մտադիր են ավելի ինտենսիվ կերպով վերականգնել կապերը և օժանդակել փորձի և մտքերի փոխանակման զարգացմանը. «Շատ ուրախ եմ առաջին անգամ ԵՊՀ-ում հյուրընկալվելու համար: Գիտաժողովը կարևոր է տեղեկատվական առումով. այն ցույց կտա Հայաստանի, Գերմանիայի ու Վրաստանի միջև քրեակատարողական ոլորտի տարբերությունները: Բանտարկյալների վերասոցիալականացման թեման շատ կարևոր է հասարակության մեջ»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Լիանա Մարուքյանի խոսքով՝ ՀՀ-ում այժմ տեղի են ունենում մեծ բարեփոխումներ քրեակատարողական համակարգում: Հաշվի առնելով քրեակատարողական օրենսգրքի նոր նախագիծը` Լ. Մարուքյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: Ընտրված թեման ոչ միայն իրավագետների կամ իրավաբանների, այլև հոգեբանների, սոցիոլոգների և առհասարակ այն մասնագիտությունների տեր անձանց հետաքրքրության շրջանակում է, ովքեր աշխատում են համակարգում:
Զեկուցումով հանդես եկավ նաև ԳԴՀ Քյոլնի համալսարանի՝ Կրիմինալոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ֆրանկ Նոյբախերը. «Իմ զեկուցումը Գերմանիայի քրեակատարողական ոլորտում նոր զարգացումների մասին է: Կարծում եմ՝ փորձի փոխանակումը ցույց կտա, որ Գերմանիայում, Հայաստանում և Վրաստանում քրեակատարողական ոլորտում առկա են նույն խնդիրները»:
Միջազգային գիտաժողովին ներկա էին ԳԴՀ Քյոլնի համալսարանի՝ Կրիմինալոգիայի ինստիտուտի տնօրեն Ֆրանկ Նոյբախերը, Թիֆլիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Մորիս Շալիկաշվիլին, Վրաստանի Սահմանադրական դատարանի իրավական աջակցման և հետազոտությունների բաժնի գլխավոր խորհրդատու Գիորգի Խազալիան, Գերմանախոս երկրների շրջանավարտների միության նախագահ Մերի Նավասարդյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ արդարադատության նախարարության, ՔԿՀ-ների և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները: