- Главная
- Node
- «ԵՊՀ-ՈՒՄ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ, ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»․ ԼԵՄԶԱ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Апреля 30, 2022 | 11:25
Կրթություն
«ԵՊՀ-ՈՒՄ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ, ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»․ ԼԵՄԶԱ ՀՈՒՆԱՆՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Լեմզա Հունանյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Լեմզայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական կյանքի մասին։
-Ինչպե՞ս ընտրեցիք ԵՊՀ-ն՝ կրթություն ստանալու համար։
-Համալսարանի ընտրությունը միշտ է միանշանակ եղել, սակայն ընդունելությունից ամիսներ առաջ մաթեմատիկայի, քարտեզների ու նկարչության հանդեպ սերն ինձ բերեց մասնավորապես աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ և վճռորոշ դեր ունեցավ ինձ համար։
- Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին։
-«Լավագույն ուսանող» մրցույթին մասնակցելու որոշումը անսպասելի եմ կայացրել. միշտ ցանկացել եմ դիմել, սակայն վախ ունեի, թե գուցե ինչ-որ բան պակաս է (հասարակական ակտիվության ոչ այնքան բարձր լինելը, տպագրված հոդվածների քանակը և այլն)։ Ընկերներս և դասախոսներս «ստիպեցին» ինձ մասնակցել մրցույթին։ ԵՊՀ-ում, կրթությունից բացի, ձեռք ենք բերում մարդկային արժեքներ, որոնք լավագույնն են կյանքի համար։ Երբ իմացա, որ պետք է մասնակցեմ մրցանակաբաշխությանը, չափազանց ուրախացա։ Իրականում ոչ թե կոչմանն արժանանալու, այլ երևույթի համար. տարիներ շարունակ ինքս ինձ, իմ ուժերին չեմ հավատացել, սակայն իմ կյանքում եղան մարդիկ, որոնք ավելի շատ ինձ վստահեցին և ուրախացան իմ հաջողության համար։
- Ի՞նչ կմաղթեք դիմորդներին, որոնք նոր են մուտք գործելու ուսանողական կյանք:
-Միանշանակ բոլորին խորհուրդ եմ տալիս սովորել ԵՊՀ-ում, գիտական հետազոտություններ կատարել, անդամակցել ուսանողական կառույցներին։ Իմ օրինակով կարող եմ նշել՝ ինչ դեր է ունեցել ՈՒԽ-ին անդամակցելս: Կառույց, որն ինձ համար միայն հաճելի ժամանց չի ապահովել, այլ դարձրել է ինձ ճշտապահ մարդ, դաստիարակել որպես լիդեր, սովորեցրել թիմում աշխատելու հմտություններ: Ես կարծում եմ՝ կյանքում ամենակարևորը մարդ մնալն է, մարդ բոլոր իրավիճակներում։ Ուստի եկեք լինենք կրթված ու պիտանի մարդ մեր երկրի ու պետության համար։