- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
Июля 04, 2022 | 16:25
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ազդարարելով «PolyChar 28» միջազգային կոնֆերանսի մեկնարկը, հույս հայտնեց, որ մտքերի փոխանակումը մեծ նպաստ կբերի գիտության բնագավառում և ծնունդ կտա նոր գաղափարների։
«Կարծում եմ՝ քննարկումներն ու գաղափարների փոխանակումը արդյունավետ կլինեն։ Հույս ունեմ, որ կվայելեք Հայաստանում և Երևանում անցկացրած ձեր ժամանակը»,- իր խոսքում ասաց ԵՊՀ ռեկտորը:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Նարինե Դուրգարյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ կոնֆերանսում քննարկվող թեմայի ընտրությունը պատահական չէ և մեր օրերում շատ արդիական է։
Պրոֆեսորը, անդրադառնալով առաջատար տեխնոլոգիաներում պոլիմերների կիրառական նշանակությանը, ասաց․ «Պոլիմերների յուրահատկությունն այն է, որ դրանք ձևափոխվելով կարողանում են ստանալ այնպիսի կառուցվածքներ, որոնք օժտված են նպատակային հատկություններով»:
«PolyChar 28» կոնֆերանսի համանախագահ Լյուբով Մյասնիկովան նշում է, որ գիտնականների համար ավելի հրաշալի բան չի կարող լինել, քան շփվել գիտնականի հետ, ով հեղինակել է արժեքավոր զեկույց: Կարևորելով կոնֆերանսի ընթացքում գիտնականների մասնակցությունը և քննարկվող թեմաների արդիականությունը՝ նա հավելեց. «Գիտնականներին իսկապես անհրաժեշտ է շփվել միմյանց հետ հենց դեմ առ դեմ: Մենք երջանիկ ենք, որ այժմ Երևանի պետական համալսարանում ենք, հնարավորություն ունենք քննարկելու ոլորտի արդիական խնդիրներն ու լուծումներ առաջարկելու»:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո գիտնականները հանդես եկան մասնագիտական զեկուցումներով:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կազմակերպած քառօրյա կոնֆերանսի ընթացքում զեկուցումներ կներկայացվեն ինչպես առկա ձևաչափով, այնպես էլ առցանց տարբերակով: Երիտասարդ հետազոտողներին հնարավորություն է տրվում իրենց գիտական ուսումնասիրությունները ներկայացնելու լայն հանրությանը և փոխանակելու գիտելիքներ արտերկրի ականավոր գիտնականների հետ:
Հայաստանում առաջին անգամ կազմակերպված այս կոնֆերանսին մասնակցում են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՌԴ-ի, Իտալիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բելոռուսի, Լեհաստանի, Վրաստանի և այլ երկրների հրավիրյալ գիտնականներ:
Նշենք, որ «PolyChar 28» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողության ժամանակ տրվելու են մրցանակներ ինչպես պոլիմերների ոլորտում ներդրում ունեցող գիտնականներին, այնպես էլ երիտասարդ գիտնականներին: Մրցանակները որոշվելու են մրցանակային հանձնաժողովի քվեարկությամբ, որի հաղթողները հայտարարվում են փակման արարողության ժամանակ՝ հանձնաժողովի նախագահի կողմից: