- Главная
- Node
- ՀՈՒԼԻՍԻ 10-18-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ»
Июля 09, 2022 | 17:19
Կրթություն
Գիտություն
ՀՈՒԼԻՍԻ 10-18-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ»
Օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ բանախոսները ներկայացրել են օլիմպիադայի ծրագիրը, ընթացակարգը, հաստատված օրակարգը և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շեշտելով «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» կարևորությունը ՀՀ գիտության և կրթության ոլորտների համար, նշել է. «Հսկայական աշխատանք է տարվել թե՛ ՀՀ կառավարության, թե՛ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, թե՛ Երևանի պետական համալսարանի և կազմկոմիտեի կողմից, որպեսզի այս օլիմպիադան պատշաճ մակարդակով անցկացվի Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, համավարակից հետո բավականին խորհրդանշական է հենց կենսաբանության օլիմպիադայի անցկացումը ՀՀ-ում, որովհետև դրա կարևորությունը բազմիցս շեշտվել է․ տարբեր տեսակի վիրուսների կանխարգելման և տարատեսակ հիվանդությունների բուժման հետ կապված՝ կենսաբանությունը էական դեր ունի, և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մասնակցում է միջազգային բազմաթիվ ծրագրերի, ֆակուլտետի գիտական հանրույթի կատարած աշխատանքները հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, և այդ տեսանկյունից պատահական չէր նաև օլիմպիադայի անցկացման համար Երևանի պետական համալսարանի ընտրությունը։
Այս օլիմպիադան միայն միջազգային միջոցառում չէ. այն մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի թե՛ տնտեսության, թե՛ գիտության և կրթության համար, որովհետև մի քանի օրվա ընթացքում օլիմպիադայի կազմակերպիչ երկիր մուտք են գործում ավելի քան 500 մասնակիցներ՝ մի քանի տասնյակից ավելի երկրներից, իրենց մարզիչների հետ, որոնք մասնակցելու են բոլոր փորձերին, աշխատանքներին, և դա բավականին մեծ օգուտ է բերելու մեր կրթական համակարգին։
Հավելեմ, որ համատեղ ջանքերով ամեն ինչ ապահովվեց։ Այս համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ իրականացնել իրապես ծավալուն ու մեծ աշխատանք»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների նշանակությունը մեր երկրի համար, ասել է. «2018 թվականին, երբ օլիմպիադան մեր երկրում անցկացնելու որոշում կայացվեց, այն համընկավ շատ դժվարին ժամանակաշրջանի հետ՝ «Քովիդ-19» համավարակ, պատերազմ, բայց օլիմպիադայի կազմակերպման աշխատանքները, ի պատիվ կազմակերպիչների, չտուժեցին, ոչ մի գործողություն թերի չմնաց։ Դրանք իրականացվել են ամբողջ ծավալով, և ամբողջ ֆինանսավորումը հատկացվել է: Օլիմպիադայի կազմակերպումն առաջնահերթություն էր մեզ համար: Շատ կարևոր է նաև օլիմպիադայի բնագիտական ուղղվածությունը, քանի որ կրթության զարգացման համար ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության վրա հատուկ շեշտադրում է արված»:
Ըստ փոխնախարարի՝ Կառավարության պետական քաղաքականության մեջ կրթության և գիտության դերը հատուկ շեշտադրում ունի: Աշնանը Հայաստանում անցկացվելու է նաև «STARMUS VI» միջազգային փառատոնը:
«Կառավարության կողմից քաղաքականություն է տարվում մեր երկիրը կրթական, գիտական և մշակութային միջազգային հարթակ դարձնելու ուղղությամբ: Մենք կարևորում ենք «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» անցկացումը, որը դառնում է Կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր հանգրվան»,- ասել է Ժ․ Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ իրականացվող միջոցառումները բովանդակային առումով համահունչ են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին։
«Հանրակրթության նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, նախատեսվում է ՀՀ դպրոցներում ստեղծել բնագիտական լաբորատորիաներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում կրթական ավելի լավ արդյունքներ ունենալու բնագիտական ոլորտներում»,- հավելել է Ժ․ Անդրեասյանը:
«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով։ Օլիմպիադային մասնակցելու է երեք աշակերտ՝ «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:
«Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, իսկ տեսականը՝ հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության»,- մանրամասնել է Գ․ Ղուկասյանը:
Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում են Երևանի պետական համալսարանը և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» կազմկոմիտեն:
Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022 թ․ հուլիսի 10-ին:
Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:
Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թ․ հուլիսի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, և նրանց կհանձնվեն մեդալներ։
Տեղեկացնենք, որ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան» («International Biology Olympiad»)՝ կենսաբանության ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը, իրականացվում է դեռևս 1990 թվականից և ներկայումս ունի 78 անդամ պետություն:
2008 թ․ Հայաստանը «Կենսաբանության միջազգային օլիմպիադային» մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին՝ դարձել լիիրավ անդամ: 2009 թվականից ի վեր՝ ԿՄՕ-ին Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:
ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այն միջմասնագիտական դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։ Կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ՝ տվյալների կառավարման համար:
Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ է տեղի ունենալու Հայաստանում: Օլիմպիադայի շրջանակում Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր (յուրաքանչյուր թիմում՝ 4 մասնակից): Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ: