- Главная
- Node
- «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ՝ ՍՈՎՈՐԵԼՈՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՍ ԼԵԶՈՒՆԵՐ»․ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Июля 13, 2022 | 09:29
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ՝ ՍՈՎՈՐԵԼՈՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՍ ԼԵԶՈՒՆԵՐ»․ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
ԵՊՀ ISTC կենտրոնում տեղի ունեցավ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորական խոսք հղելով շրջանավարտներին, ընդգծեց մագիստրոսական ծրագրի կարևորությունը. ««Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրապես տալիս է այնպիսի կրթություն, որն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի: Երևանի պետական համալսարանը բարձր նշաձող է սահմանել՝ շարունակելով կրթության և գիտության ոլորտների զարգացմանն ուղղված համագործակցությունները»։
Անդրադառնալով «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ)՝ գիտության առաջընթացի հարցում ցուցաբերած մեծ աջակցությանը՝ ԵՊՀ ռեկտորը կարևորեց նաև, որ հիմնադրամի տնօրենը հետևողական է եղել, որ մագիստրոսական ծրագիրը լավագույնս կայանա:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, խոսելով տվյալագիտության՝ որպես միջդիսցիպլինար գիտության մասին, փաստեց. «Մենք, կարելի է ասել, կամուրջ ենք ստեղծում տարբեր ֆակուլտետների միջև: Բացի դրանից՝ Սան Խոսեի համալսարանը, որն աշխարհում առաջատարներից է, մեր կայուն գործընկերն է: Կարևոր է, որ դասընթացները լիովին համապատասխանում են Սան Խոսեի համալսարանում իրականացվող դասընթացներին: Սա նաև նշանակալի դեր ունի ԵՊՀ-ի իմիջի ձևավորման և միջազգային հարթակներում բարձր դիրք գրավելու տեսանկյունից»:
«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի» (ISTC) հիմնադիր տնօրեն Արեգ Գևորգյանը, անդրադառնալով մագիստրոսական ծրագրին և դրա ընձեռած հնարավորություններին, ընդգծեց․ «Շատ ուրախ եմ, որ կարողանում ենք նախապատրաստել ոլորտում իրենց կարևոր տեղն ունեցող մասնագետների: Մագիստրոսական այս ծրագրին հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր ունեն վերապրոֆիլավորման ցանկություն։ Ծրագրին դիմողները, օրինակ, բանկի աշխատակիցներ են, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները տվյալագիտությունից: Մագիստրոսական այս ծրագրում բանկային ոլորտի մասնագետների սովորելն առհասարակ չափազանց խրախուսվում է: Կարելի է ասել, այստեղ ձևավորվում է լիդերների խումբ, որը հետագայում մեծ հաջողություններ է գրանցում ոլորտում»։
«PMI Science»-ի «R&D» կենտրոնի նորարարության և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը, անդրադառնալով կենտրոնի կողմից ծրագրին տրամադրվող աջակցությանը, ասաց․ «Շրջանավարտների դիպլոմները նոր հաջողությունների այցեքարտ են։ Մագիստրոսական այս ծրագիրը տարեցտարի զարգանում է, և ես շատ հպարտ եմ, որ մեր ընկերությունն այս հիանալի նախաձեռնության մասն է կազմում»։
Մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը կարևորեց, որ ծրագրի շրջանավարտները հեշտությամբ կարողանում են աշխատանք գտնել:
«Այս տարի ծրագիրն ուներ տասնինը շրջանավարտ, սակայն դիմել էին ավելի քան երեսունհինգ ուսանող: Ըստ էության, երբեմն դիմում են նաև հումանիտար ֆակուլտետների ուսանողներ, որոնց համար ծրագրում սովորելը բարդ է: Հատկանշական է, որ ծրագրին դիմած գրեթե բոլոր ուսանողներն աշխատում են մասնագիտությամբ»,- ասաց Ռ․ Գևորգյանը:
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լուսինե Ղազարյանը, խոսելով ծրագրի ընձեռած հնարավորություններից, ասաց. «Այստեղ մասնագիտական նոր հմտություններ ենք ձեռք բերել՝ սովորելով ծրագրավորման չորս լեզուներ, որոնք շատ պահանջված և կարևոր են աշխատաշուկայում։ Հատկանշական է, որ դասավանդող մասնագետները, վստահ կարող եմ ասել, ոլորտում լավագույնն են»:
«Մագիստրատուրայի առաջին իսկ տարվանից ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու, քանի որ տվյալագիտությունը մեծ պահանջարկ ունի։ Պարզապես պետք է կողմնորոշվել, թե որ ուղղությամբ ես ցանկանում մասնագիտանալ և աշխատել, քանի որ այն ծավալուն գիտություն է, և համալսարանում համակողմանի ենք ուսումնասիրում այդ գիտությունը»,- ասաց մագիստրոսական ծրագրի մեկ այլ շրջանավարտ՝ Մարիանա Ղազարյանը:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև «PMI Science»-ի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և հրավիրյալ այլ անձինք։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։