- Главная
- Node
- ՄԱԳԱՏԷ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Октября 05, 2022 | 16:02
Կրթություն
ՄԱԳԱՏԷ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Երևանի պետական համալսարանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին միջուկային ֆիզիկայի և միջազգային հարաբերությունների ոլորտի վերաբերյալ դասախոսություն կարդաց:
Մինչ դասախոսությունը Ռաֆայել Գրոսին հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցություն հաստատելու և համագործակցային հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Քննարկման ժամանակ Ռ․ Գրոսիին ներկայացվեցին ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, միջազգայնացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև ԵՊՀ-ում միջուկային էներգիայի ուղղությամբ տարվող կրթական ու հետազոտական գործընթացները, այդ թվում՝ մագիստրոսական նոր ծրագրի ներդրման աշխատանքները։
Մասնավորապես նշվեց, որ ներկայում իրականացվում են «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում» մագիստորսական դասընթացի համար ՀՀ ԿԳՄՍՆ-ում լիցենզավորման համար անհրաժեշտ փաթեթի մշակման աշխատանքները: Արդեն իսկ մշակվում են ԱԷՄԳ առաքելության հետ ունեցած հանդիպումների արդյունքում մշակված կրթական ծրագրով նախատեսված դասընթացների պլանները, կրթական նյութերը, լաբորատոր փորձերը:
ԱԷՄԳ-ի հետ համագործակցությամբ ԵՊՀ միջուկային ֆիզիկայի լաբորատորիան համալրվելու է ժամանակակից նեյտրոնային և գամմա ճառագայթման չափումների և վերլուծության սարքավորումներով, Ռեակտորների ֆիզիկայի վիրտուալ լաբորատորիայով և ԱԷԿ վարժասարքով:
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու և միջուկային անվտանգության ապահովման ոլորտում տարաբնույթ ծրագրերի իրագործման համար ԵՊՀ-ին օժանդակելու։
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ներկայացրեց գործակալության դերը ներկայիս տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների հաղթահարման համատեքստում, խոսեց նաև միջուկային էներգետիկայի դերակատարմանը, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայական փոփոխությունների հաղթահարմանը վերաբերող հարցերից:
Ռ. Գրոսին ԵՊՀ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց միջուկային գիտության դերը մարդու առողջության, մասնավորապես քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում, անդրադարձավ նաև միջուկային անվտանգության և միջուկային զենքի տարածումը կանխելու հարցերին։
Դասախոսությունն ամփոփվեց հարցուպատասխանով:
Նշենք, որ Ռ. Գրոսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) գլխավորում է 2019 թվականից: