- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԷՐԻՍՏԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ
Октября 06, 2022 | 10:32
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԷՐԻՍՏԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի բանավեճի մասնագիտացված ակումբը շարունակական հաջողություններ գրանցելուց հետո մեկնարկել է իր նոր՝ աշնանային առաջնությունը, որի շրջանակում անցկացվում են նախապատրաստական դասընթացներ և դասախոսություններ:
«Բանավեճի ֆորմատ» թեմայով դասախոսության ընթացքում ակումբի նորընտիր մասնակիցները ծանոթացել են բանավիճելու արվեստին, մասնագիտական բանավեճերի ֆորմատին, կառուցվածքային հիմնական բնութագրիչներին և առանձնահատկություններին։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ գրագետ, բովանդակային գիտելիքներ՝ հիմնավոր ու տրամաբանված տեսակետներ արտահայտելու, թիրախային և ազդեցիկ խոսելու և բանավեճի հիմունքների վերաբերյալ:
Բովանդակային կողմից զատ՝ անդրադարձ կատարվել է բանավեճային առանձնահատկություններին, մասնավորապես՝ խոսնակների պարտականություններին, ժամանակի արդյունավետ օգտագործմանը, լեզվաոճական նրբություններին, թեմայի սահմանները ճիշտ գծելուն, հիմնական հասկացությունների սահմանումներին և թիմային աշխատանքի կարևորությանը: Կառուցվածքային տեսանկյունից կարևոր դիտարկումներ են արվել պմդում-փաստ-փաստարկում դոգմայի վերաբերյալ։
Որպես բանախոս հանդես է եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ, ԵՊՀ ուսխորհրդի բանավեճի ակումբի նախագահ Դավիթ Թովմասյանը՝ ուսանողներին տալով մի շարք խորհուրդներ:
«Բանավիճելիս մշտապես գծեք ձեր սահմանները և ցանկացած պարագայում մնացեք ձեր առանցքում ու «խաղադաշտում»․ այդ դեպքում հաղթանակը միանշանակ կլինի, իսկ բովանդակային բանավեճը՝ ապահովված»,- նշել է Դ. Թովմասյանը։
Նշենք, որ բանավեճի մասնագիտացված ակումբի շրջանակում արծարծվել են արդիական թեմաներ, հատկապես առանցքային կարևորության օրենսդրական նախագծերի, գործող օրենքների, դրանց արդյունավետության հիմնախնդիրների վերաբերյալ, ինչը մեծ հետքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում: Առաջնությանը մասնակցում է ավելի քան 40 ուսանող։