- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒԳԸ-Ն՝ ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲ
Октября 07, 2022 | 20:49
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն՝ ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի է ունեցել «ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության 75-ամյա ուղին» խորագրով պանելային քննարկում, որին ներկա էին տարբեր սերունդների ՈՒԳԸ-ականներ:
Քննարկման բանախոսներն էին ք.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանը, կ.գ.թ., դոցենտ Հովիկ Փանոսյանը, ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը, նախկին նախագահներ՝ պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը, Վանատուր Շերենցը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանին գերազանց առաջադիմության և հասարակական բարձր ակտիվության համար պարգևատրել է ԵՊՀ արծաթե մեդալով: Պարգևը ՈՒԳԸ նախագահին հանձնել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
Վ. Վարագյանը, անդրադառնալով ՈՒԳԸ 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, հույս է հայտնել, որ գիտաժողովի օրերը մասնակիցների համար եղել են գիտական քննարկումներով գերհագեցած և արդյունավետ:
Քննարկման ժամանակ տարբեր սերունդների ՈՒԳԸ-ականներ պատմել են կառույցի՝ տարիներ առաջ ունեցած գործառույթներից, ընձեռած հնարավորություններից և գիտական ոլորտում հաջողություններ գրանցելու հարցում ունեցած դերից: Նրանց համոզմամբ՝ ՈՒԳԸ-ն այն կառույցն է, որտեղ հավաքված են ապագա գիտնականները: Բանախոսների կարծիքով՝ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում հոդված տպագրելը առաջին կարևորագույն քայլն է դեպի գիտական աշխարհ:
Մասնակիցների հարցին՝ ինչպե՞ս կարող են մեծացնել ուսանողների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, բանախոսները պատասխանել են, որ դա բոլոր ժամանակների արդիական խնդիր է: Նրանց կարծիքով՝ դասախոսող գիտնականների հաջողությունները, գիտության մեջ նրանց ուրույն տեղն ու դերն արդեն իսկ ոգևորող են:
Ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ավարտին Մերի Փանոսյանը ավագ սերնդի ՈՒԳԸ-ականներին հանձնել է խորհրդանշական նվերներ: