- Главная
- Node
- «ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՈՒԳԸ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԻՐ ՍԱՀՄԱՆԱԾ ՆՇԱՁՈՂԸ». ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
Октября 08, 2022 | 14:14
«ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՈՒԳԸ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԻՐ ՍԱՀՄԱՆԱԾ ՆՇԱՁՈՂԸ». ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, և ամփոփվեցին գիտաժողովի արդյունքները: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագիր և խորհրդանշական պարգևներ:
Հոկտեմբերի 3-ից 7-ն անցկացված գիտաժողովի շրջանակում տարբեր ստորաբաժանումներում զեկուցում են ներկայացրել ավելի քան 150 մասնակիցներ, այդ թվում՝ 8 երկրի 22 երիտասարդ գիտնականներ:
Գիտաժողովի փակման արարողության ժամանակ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը, շնորհավորելով զեկուցումներ ներկայացրած մասնակիցներին, հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն գիտական ակտիվ գործունեություն ծավալել:
«Այս գիտաժողովին զեկուցում ներկայացնելը շատ ուսանողների համար դեպի գիտություն առաջին քայլն էր: ՈՒԳԸ-ն ստեղծում է գիտական հարթակ և կիրառում գիտահետազոտահեն կրթության միջազգային փորձը: Սա լավագույն հնարավորությունն է գիտությամբ հետաքրքրվողների համար, որը չպետք է բաց թողնել»,- ընդգծեց Մ. Փանոսյանը:
Ամփոփելով խոսքը՝ Մ. Փանոսյանը վստահեցրեց. «Գիտաժողովի գրանցած արդյունքների շնորհիվ ՈՒԳԸ-ն այս անգամ էլ բարձրացրեց իր սահմանած նշաձողը»:
Հատկանշական է, որ ամենամյա գիտաժողովն ընձեռում է Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների միջև համագործակցային նոր կապեր ստեղծելու հնարավորություն:
Երևանի պետական համալսարանի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Վարդան Լաբլաջյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ գիտաժողովի՝ միջազգային նոր կապերի հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված հնարավորություններին:
«Ինչպես ԵՊՀ-ն առհասարակ, այնպես էլ ՈՒԳԸ-ն մասնավորապես կարողանում են ձևավորած համագործակցությունների շնորհիվ նպաստել, որ օտարեկրյա մասնակիցներն իրենց ներուժն օգտագործեն ԵՊՀ-ում: Այս համատեքտում կարևոր է այն, որ կառույցը, հիմք ընդունելով ուսանողակենտրոնությունը, ստեղծել է ուսանողների փոխանակման հրաշալի դաշտ: Սրա վկայությունը աշխարհի տարբեր երկրներից մասնակիցների ներկայությունն է գիտաժողովին»,- ասաց Վարդանը։
Մեզ հետ զրույցում նա փաստեց, որ «ԵՊՀ ՈՒԳԸ հոդվածների ժողովածու» պարբերականի եռալեզու լինելը նպաստում է, որ գիտաժողովը հետաքրքրի աշխարհի տարբեր երկրների երիտասարդ գիտնականների:
«Այս գիտաժողովն առանձնահատուկ էր և մի շարք առումներով տարբերվում էր նախորդ տարիների գիտաժողովներից։ Այս տարի եղել է մասնակից նաև Հնդկաստանից։ Բացի դրանից՝ կառույցի գործունեությամբ և դրա գլխավոր «արտադրանք» պարբերականով սկսել են հետաքրքրվել նաև Արևմտյան երկրների համալսարանները»,- կարևորեց ուսանողական կառույցի արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն:
ԵՊՀ ՈՒԳԸ գիտաժողովի արտասահմանյան մասնակից Պավել Կրավչիկի՝ երկրորդ անգամ մասնակցությունը ԵՊՀ ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովին հաստատեց Վ. Լաբլաջյանի խոսքերը: Մեզ հետ զրույցում Պավել Կրավչիկն ասաց, որ դեռ առաջին այցից տպավորված էր թե՛ Երևանի պետական համալսարանով, թե՛ կազմակերպված գիտաժողովով: Նրա խոսքով՝ ՈՒԳԸ-ն աչքի է ընկնում ակադեմիական բարձր մակարդակով և կազմակերպվածությամբ:
«Ինձ համար շատ կարևոր էին գիտական պրակտիկան, շփումներն այլազգի ուսանողների հետ: Հետաքրքիր էին նաև գիտաժողովի շրջանակում կազմակերպված մշակութային այցելությունները տարբեր վայրեր, որոնց շնորհիվ իմացա ավելին Հայաստանի և Երևանի պետական համալսարանի մասին: Վստահ եմ, որ սա Հայաստան կատարած իմ վերջին այցելությունը չէ»,- նշեց մեր զրուցակիցը:
Գիտաժողովին լավագույն զեկուցում ներկայացրած ուսանողներից Լիանա Խաչատուրյանը (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ) մեզ հետ զրույցում պատմեց գիտաժողովին իր մասնակցությունից ու ստացած տպավորություններից։
«Մասնակցելով գիտաժողովին՝ հասկացա, որ ՈՒԳԸ-ն լավագույն հարթակն է, որտեղ երիտասարդները կարող են ներկայացնել իրենց գիտական հոդվածները: Ուսանողի համար հեշտ չէ ձեռք բերել հնարավորություն՝ լայն լսարանին ներկայացնելու սեփական հետազոտության հիման վրա գրած գիտական հոդվածը, սակայն պարտավորեցնող է և հպարտանալու տեղիք է տալիս հետագայում այն տպագրելը, տվյալ դեպքում՝ «ԵՊՀ ՈՒԳԸ հոդվածների ժողովածու» պարբերականում»,- շեշտեց Լիանան:
Հատկանշական է, որ միջոցառմանը ցուցադրված էին ԵՊՀ քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների ուսանողների ներկայացրած արտադրանքը՝ գինի, յոգուրտ և այլն, որոնք տեսական գիտելիքի կիրառելիության ցուցիչ են։