- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՋԵՎ
Октября 10, 2022 | 11:35
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՋԵՎ
ՈՒԳԸ 75-ամյակին նվիրված միջազգային 8-րդ գիտաժողովի շրջանակում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Բանկային Ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի բանախոսներն էին ՀՀ տարբեր բանկերի ներկայացուցիչներ:
Բանախոսները քննարկման ժամանակ ներկայացրին բանկային ժամանակակից տեխնոլոգիաները՝ հընթացս անդրադառնալով ՀՀ կազմակերպությունների՝ նոր տեխնոլոգիաները կիրառելու ճկունությանը, համեմատականներ անցկացրին հայկական և արտասահմանյան բանկային կազմակերպությունների միջև, խոսեցին բուհ-աշխատաշուկա սերտ համագործակցության և այլ թեմաների շուրջ:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը: Նա ընդգծեց, որ գիտաժողովի հինգ օրերի ընթացքում կազմակերպված սեմինարները, պանելային քննարկումները, մշակութային երեկոներն ու այլ միջոցառումները՝ նվիրված կառույցի 75-ամյակին, ի ցույց են դնում ՈՒԳԸ-ի գլխավոր նպատակը, այն է՝ աջակցել ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը: Նա արժևորեց կառույցի ընձեռած հնարավորությունը թե՛ հայ, թե՛ արտասահմանցի մասնակիցների համար: Ամփոփելով խոսքը` Մ. Փանոսյանը հորդորեց, որ ուսանողները ներգրավվեն ՈՒԳԸ ձևավորած սոցիալական, մշակութային և գիտական յուրօրինակ միջավայրում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Գասպարյանը ևս կարևորեց ուսանողական ամենահին կառույցի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու փաստը։
«Ֆակուլտետի ՈՒԳԸ կազմակերպած միջոցառումները նպատակ ունեն կամուրջ դառնալու ուսանողների և գործատուների միջև։ Ոլորտի լավագույն մասնագետների հետ այսօրինակ պանելային քննարկումը դրա վառ օրինակներից է»,- անդրադառնալով բուհ-աշխատաշուկա կապերի սերտ լինելու կարևորությանը` ընդգծեց Անահիտը։
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական ծառայության ղեկավար Բաբկեն Սահակյանը նշեց, որ ոլորտի մասնագետների հետ համագործակցությունը՝ նմանատիպ պանելային քննարկումների, սեմինարների և այլ ձևաչափի հանդիպումների միջոցով, կարևոր է և՛ ուսանողների, և՛ ոլորտի մասնագետների համար: Բանկի ֆինանսական ծառայությունների ղեկավարի խոսքով` դրանք օգնում են հասկանալու, թե որոնք են ոլորտի ապագա ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու բանկային կազմակերպությունների վերաբերյալ պատկերացումները։
Բ. Սահակյանի հավաստմամբ` բանկային համակարգում տվյալների բազայի նախագծումը սկսվում է տվյալների կառավարումից, և սրանով էլ պայմանավորված են կազմակերպությունների հաջողությունները։
Համեմատելով տարիներ առաջ կիրառվող բանկային տեխնոլոգիաները ժամանակակից տեխնոլոգիաների հետ` Բ. Սահակյանը նշեց, որ նախկինում բանկերը հիմք էին ընդունում արտաքին գովազդը, իսկ այսօր` նպատակային մարքեթինգը։
«Նպատակային մարքեթինգի շնորհիվ հավաքագրված տեղեկությունը հիմք է դառնում որոշումներ կայացնելիս։ Նախկինում կարևորում էին փորձագիտական գնահատականը, սակայն այժմ յուրաքանչյուր որոշման հիմքում ընկած է տվյալների հավաքագրումը: Կան բիզնես մտածողության բազմաթիվ գործիքներ, որոնք օգնում են հավաքագրված տվյալները դարձնել առավել տեսանելի տեղեկատվական գործիք»,- ընդգծեց Բ. Սահակյանը:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» տվյալների վերլուծության բաժնի պետ, պանելային քննարկման երկրորդ բանախոս Արա Խաչատուրովը ներկայացրեց՝ ինչ սկզբունքով են հավաքագրվում տվյալները, ինչպիսի՞ վերլուծության են ենթարկվում, և ինչպե՞ս են, այդ ամենը հիմք ընդունելով, որոշումներ կայացվում: Ա. Խաչատուրովը անդրադարձավ բանկային համակարգում էական նշանակություն ունեցող երկու կոնցեպտներին՝ տվյալների վերլուծությանը (Data Analytics) և բիզնես մտածողությանը (BI-Business intelligence):
Խոսելով տվյալների վերլուծության կարևոր նշանակությունից՝ բանախոսն ընդգծեց, որ դրա հիմնական նպատակն է տվյալները ակտիվի վերածելը: Նա բացատրեց՝ ակտիվը կազմակերպության տիրապետության տակ գտնվող նյութական և ոչ նյութական միջոց է, որի օգտագործումից ակնկալվում է տնտեսական շահույթի ներհոսք կամ արտահոսք:
Ա. Խաչատուրովը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն կարևոր դրույթին, որ վերլուծություններ կատարելիս պետք է հաշվի առնել արժանահավատ տվյալների նպատակային օգտագործումը:
Իր խոսքում բանկի տվյալների բաժնի պետն անդրադարձավ «BI» համակարգերին՝ ներկայացնելով դրանք՝ որպես վերլուծություններում կիրառվող տեխնոլոգիաներ:
Ամփոփելով խոսքը՝ նա նշեց. «Շատ կարևոր է, որ ձեր վերլուծությունների վրա ծախսվող ռեսուրսները չլինեն ավելին, քան դրանցից ակնկալվող օգուտներն են: Պետք է ձգտել քիչ ռեսուրսներով ստանալ առավելագույն արդյունք»:
Հարցին, թե կա՞ն տարբերություններ հայկական և արտասահմանյան երկրների բանկային համակարգում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների միջև, և արդյոք հայկական բանկային համակարգը ճկուն է դրանք կիրառելու տեսանկյունից, բանախոսները վստահեցրին, որ հայկական բանկային համակարգը շատ հարցերում առաջատար դիրքերում է՝ ի տարբերություն աշխարհի զարգացած շատ երկրների բանկերի:
Բանախոս Բ. Սահակյանը նշեց, որ միջազգային կոնֆերանսներն ու այլ ձևաչափի քննարկումները հնարավորություն են տալիս հեշտությամբ յուրացնելու արտասահմանում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները: Նա հայկական բանակային համակարգի ճկունությունը կապեց դրանց ոչ մեծ լինելուն:
Բանախոսների ելույթներից հետո ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը՝ աշխատաշուկա հեշտ մուտք գործելու, ոլորտում լավագույն մասնագետ դառնալու և այլ թեմաների շուրջ:
Պանելային քննարկման մասնակից Արտյոմ Ղազարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ այսօրինակ քննարկումները նպաստում են հասկանալու, թե ժամանակակից տեխնոլոգիաները ինչ ազդեցություն ունեն Հայաստանում ոլորտի զարգացման ու առաջընթացի գործում:
«Ժամանակակից տեխնոլոգիաները դյուրին են դարձնում բազմաթիվ կազմակերպությունների աշխատանքը: Մեխանիկական աշխատանքների փոխարինումը առաջարկվող տեխնոլոգիաներով նպաստում է դրանց առաջընթացին: Այս համատեքստում հատկանշական է, որ պանելային քննարկման բանախոսներն էին ոլորտին քաջատեղյակ մասնագետներ, որոնցից նման տեղեկատվությունը լսելն ու այն գործնականում կիրառելը, միանշանակ, ուսանողներին ընձեռված լավագույն հնարավորությունն էր»,- ասաց Արտյոմը:
Հատկանշական է, որ պանելային քննարկմանը մասնակցում էին ինչպես ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ, այնպես էլ դիմորդներ: