- Главная
- Node
- ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ-ՈՒՄ
Октября 14, 2022 | 17:20
Կրթություն
Մշակույթ
ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Լ. Ղարիբջանյանի ծննդյան 100-ամյակին:
Միջոցառման նպատակն էր հիշել և հարգանքի տուրք մատուցել ԵՊՀ պատմության թանգարանի հիմնադիր տնօրեն, Հայաստանում գիտակրթական գործի հմուտ կազմակերպիչ, պետական ականավոր գործիչ, պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի հիշատակին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ, փաստեց, որ Լյուդվիգ Ղարիբջանյանը Երևանի պետական համալսարանի երախտավորներից էր, որն իր կյանքը և ներուժը նվիրել է համալսարանին: Ռեկտորը հավելեց, որ ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը ստեղծվել է պրոֆեսորի ջանքերի, ամենօրյա նվիրումի շնորհիվ: Ռեկտորի խոսքով՝ պրոֆեսորն իր գործունեությամբ ու նվիրումով ուրույն հետագիծ է թողել ԵՊՀ պատմության մեջ։
Պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը շեշտեց, որ Լ. Ղարիբջանյանը անմնացորդ նվիրված է եղել Երևանի պետական համալսարանին, ջանք ու եռանդ չի խնայել՝ աջակցելու, իր իսկ խոսքով ասած, «տուն ու պաշտամունք» դարձած համալսարանին և համալսարանականներին:
«Անուրանալի է Լյուդվիգ Ղարիբջանյանի ավանդը համալսարանի պատմության թանգարանի ստեղծման ու զարգացման գործում, որին, ինչպես ինքն էր ասում, նվիրվել է այն գիտակցմամբ, որ համալսարանը եկող դարերում ներկայացնելու է ոչ միայն մեր քաղաքակրթության աստիճանը, այլև անցյալ դարձած մեր ժամանակների վավերական պատմությունը»,- նշեց թանգարանի տնօրենը:
Հյուրերը, պրոֆեսորի հարազատներն ու ընկերները ներկայացրին երախտավոր պրոֆեսորի անցած ուղին, պատմեցին հուշեր, խոսեցին նրա՝ հանրապետության տնտեսական, կրթական, գիտական և մշակութային ոլորտների զարգացման գործում ունեցած ավանդի մասին:
Հենց Լ. Ղարիբջանյանի ուսումնասիրությունների շնորհիվ է հանրությանը ներկայացվել համալսարանի ստեղծման ճշգրիտ տարեթիվն ու պատմությունը, և պատահական չէ, որ այսօրվա միջոցառումն անցկացվում էր նրա անունը կրող ԵՊՀ պատմության թանգարանում։
Ներկաները դիտեցին տեսանյութ, որտեղ ներկայացված էին Լ. Ղարիբջանյանի ելույթները կյանքի տարբեր ժամանակահատվածներում, ապա հնչեցին նրա սիրելի հեղինակների ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ պրոֆեսորի ծննդյան 100-ամյակի առթիվ հրատարակված գրքի գինեձոն: