- Главная
- Node
- ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է «ՊՈՆՏՈՍ» ՀԱՔԱԹՈՆՈՒՄ
Октября 14, 2022 | 18:22
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է «ՊՈՆՏՈՍ» ՀԱՔԱԹՈՆՈՒՄ
Հոկտեմբերի 12-13-ն անցկացված «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ «Կոպեռնիկուս» համակարգի միջոցով» («ՊՈՆՏՈՍ») հաքաթոնում ԵՊՀ թիմը ներկայացրել է բնապահպանական հիմնախնդիր, ապա՝ առաջարկել լուծման ուղիները՝ հաղթելով ՀՀ մի քանի բուհերի ուսանողական և ԳԱԱ գիտաշխատողների թիմերին։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Libero» ուսանողական թիմը (թիմի անդամներ՝ Րաֆֆի Շահմուրադյան, Նարե Դարբինյան, Էլիտա Ավոյան, Ջեմմա Մովսեսյան, Արմինե Սարգսյան և Ալլա Ամիրաղյան) հաքաթոնում ներկայացրել են, թե ինչպես է «ՊՈՆՏՈՍ» հարթակով ցիանոբակտերիաների պոպուլյացիայի մշտադիտարկման շնորհիվ հնարավոր նվազեցնել վերջիններիս քանակը։ «Libero» թիմը նաև առաջարկել է նույն հարթակում մեթանի արտանետումները գրանցող գործիք ավելացնել։
ԵՊՀ-ականներն առանձնացրել են առաջադրված խնդրի լուծման երկու եղանակ, առաջին՝ օգտագործել ցիանոբակտերիաների վիրուսները՝ որպես դրանց պոպուլյացիան կանխարգելող գործոններ, երկրորդ՝ ֆիզիկական մաքրման ձևով՝ հատուկ նավերի միջոցով հավաքել ցիանոբակտերիաները, ապա՝ վերամշակել դրանք։
Հաղթող թիմի անդամները մեզ հետ զրույցում նշեցին, որ միջոցառման նպատակն էր բարձրացնել բնապահպանական խնդիրներ՝ առաջարկելով ռացիոնալ և տրամաբանորեն հիմնավորված լուծումներ: Սա լավագույն հնարավորություններից էր շփվելու ոլորտի մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա գիտնականների հետ՝ բարձրաձայնելու բնապահպանական խնդիրներ և կիրառելու առաջարկվող լուծումները: Խոսելով թիմի հաղթանակից և մրցույթից ստացած տպավորություններից՝ թիմի մասնակիցները վստահեցրին, որ հաղթել են միասնականության շնորհիվ:
Նշենք, որ հաքաթոնի պահանջներն էին՝ ներկայացնել նոր գաղափարներ՝ օգտագործելով «ՊՈՆՏՈՍ» գործառական հարթակը, առցանց ծառայություններն ու գործիքները, ինչպես նաև «ՊՈՆՏՈՍ» պլատֆորմի համար օգտակար հավելված ստեղծելու առաջարկ անել՝ օգտագործելով «Կոպեռնիկուս» համակարգի տվյալները:
Հաքաթոնը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» համագործակցության շրջանակում։
Հաքաթոնին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողների թիմերը: