- Главная
- Node
- ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Октября 19, 2022 | 18:39
Կրթություն
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպեց «Ոլորտային թարգմանության առանձնահատկությունները» խորագրով հանդիպում-քննարկում տարբեր բնագավառների ոլորտային թարգմանությամբ զբաղվող մասնագետ-թարգմանիչների հետ:
Միջոցառման նպատակն էր ուսանողներին ներկայացնել թարգմանական գործընթացի առանձնահատկությունները, տարբեր բնագավառների թարգմանություններում առկա տարածված սխալները և դրանցից զերծ մնալու սկզբունքներն ու հմտությունները՝ հիմք ընդունելով բանախոսների փորձը և անցած ուղին:
Հանդիպում-քննարկմանը ելույթ ունեցան «Նյումեգ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության օմբուդսման Գնել Նալբանդյանը, թարգմանիչ Տաթևիկ Կոլարսկին, Հայկական տնտեսագիտական միության նախագահ, տնտեսագիտական գրականության հայերեն թարգմանիչ Գուրգեն Ասլանյանը և «Թարգմանչական ֆորում Հայաստան 2022»-ի կազմակերպիչ, թարգմանիչ Քրիստինե Արշակյանը:
Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը, մեզ հետ զրույցում մատնանշելով բարձր որակավորում ունեցող թարգմանիչների, հատկապես ոլորտային թարգմանություն կատարողների աճող պահանջարկն ու գիտության մեջ նոր ասելիք ունենալը, ասաց. «Կարծում եմ՝ բավականին արդյունավետ հանդիպում-քննարկում ունեցանք փորձառու թարգմանիչների հետ: Սա ոչ այնքան վարպետաց դաս էր, որքան երկխոսություն ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և բանախոսների միջև: Մեր ուսանողները պարզապես թարգմանական ոլորտում չեն մասնագիտանում, այլ խորքային կրթություն են ստանում նաև ոլորտային թարգմանության ուղղությամբ: Նմանօրինակ հանդիպումները բարձր են պահում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մոտիվացիան և նպաստում նրանց մասնագիտական որակների բարձրացմանն ու զարգացմանը»:
Ամբիոնի վարիչը, ընդգծելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի՝ միջազգային շարժունության ծրագրերին մասնակցությունը, հավելեց, որ անկրաժեշտ է մեծ տեղ հատկացնել նաև տեղական այդօրինակ ծրագրերին՝ խթանելով մարզերի մասնագետ-թարգմանիչների ներգրավվածությունը:
«Վայոց ձորի հոգևոր թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանի նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր մեզ էին միացել նաև Վայոց ձորի 20 թարգմանիչ-մասնագետներ՝ այդպիսով նպաստելով մեծ ներուժ ունեցող մարզաբնակ մասնագետների հանրայնացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանն ու համագործակցային կապերի ընդարձակմանը»,- կարևորեց Ռ. Ղազարյանը:
Գնել Նալբանդյանը, ընդգծելով լրագրության բնագավառում ոլորտային թարգմանության կարևորությունն ու դրա ոչ լիարժեք կատարումից բխող հետևանքները, ասաց. «Լրագրության բնագավառում ոլորտային թարգմանությունը կարևորագույն դեր ունի: Այդ թարգմանությունների շնորհիվ առաջնահերթ տեղեկանում ենք միջազգային լուրերից և հետո ամբողջը փոխանցում հանրությանը: Ոլորտային թարգմանությունն այն գործիքն է, որը հայկական միջավայր է բերում միջազգային իրողությունները, և այս համատեքստում «տվյալ երակով հոսող արյունը պետք է մաքուր լինի, թունավորված չլինի», չունենա արհեստական բաղադրիչներ, լինի հայոց լեզվի բառակազմական կառույցներին համահունչ, և հայոց լեզվի բառամթերքը պետք է օգտագործի իր ամբողջ ներուժով: Վերոնշյալ կետերը կարևոր են, քանի որ ոչ միայն կարդում ենք այն, ինչ տեղի է ունենում միջազգային դաշտում, այլև դրանով հաղորդակցվում ենք արտաքին աշխարհի հետ»։
Թարգմանիչ, «Թարգմանչական ֆորում Հայաստան 2022»-ի կազմակերպիչ Քրիստինե Արշակյանը, խոսելով ոլորտի մարտահրավերներից, նշեց. «Նմանօրինակ հանդիպումները նշանավորվում են նրանով, որ դրանց ընթացքում քննարկվում են շատ կարևոր հարցեր: Այս բնագավառի գիտակները ուսանողներին ներկայացնում են ոլորտային թարգմանության գործընթացի յուրահատկությունները և իրենց փորձը, վեր հանում ոլորտում առկա խնդիրներն ու հեռանկարները՝ ուսանողներին տալով ամբողջական պատկերացում ոլորտի մասին, որպեսզի նրանք հասկանան՝ իրենք պատրաստ են արդյոք դիմակայելու մարտահրավերներին և փոփոխություն բերելու ոլորտ: Հուսով եմ՝ այս հանդիպումները կծառայեն իրենց նպատակին»:
Թարգմանիչ Տաթևիկ Կոլարսկին մեզ հետ զրույցում պատմեց առևտրային ոլորտի առանձնահատկությունների, հայկական շուկա միջազգային նոր ապրանքների ներմուծման մեջ թարգմանության մեծ դերի ու նշանակության մասին։
«Այն խոշոր կազմակերպությունները, որոնք շուկա են ներմուծում իրենց ապրանքներն ու ծառայությունները, գիտակցում են, որ իրենց հաջողությունն էապես կախված է տվյալ երկրի լեզվով, այս դեպքում՝ հայերենով թարգմանություններից, քանի որ այդպիսով փորձ է արվում հայերենացնելու իրենց արտադրանքը: Այս աշխատանքը թարգմանիչներից ոչ միայն պահանջում է լեզվի գերազանց իմացություն, այլև ճարտար միտք, մեծ ու բազմաբովանդակ բառապաշար և իհարկե գրավիչ տեքստ թարգմանելու ու կազմելու կարողություն»,- ասաց Տ. Կոլարսկին:
Նշենք, որ այսօրինակ հանդիպումները լինելու են շարունակական: ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնն այս տարվա նոյեմբերին նմանօրինակ հանդիպում-քննարկում է կազմակերպելու նաև համաժամանակյա թարգմանիչների հետ, որպեսզի մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը փոոխանցեն ուսանողներին՝ առավել հստակ մատնանշելու ոլորտի խրթին կողմերը, ֆորս-մաժորային հնարավոր իրավիճակները, դրանք հաղթահարելու ճանապարհներն ու առանձնահատկությունները: