Քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնելու նպատակով 2002 թ. ստեղծվեց Քաղաքացիական ծառայության խորհուրդը, որն իրականացրեց ՀՀ-ում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը, սկզբնական կայացումը, զարգացումը և հիմնական օրենսդրական բազայի ստեղծումը։ Այնուհետև` 2018 թ. մարտի 23-ին, ընդունվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը, որի պահանջով դադարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությունը, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և միասնականության ապահովման լիազորությունը վերապահվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին։
Կազմակերպությունը միտված է պետական կառավարման համակարգում արդյունավետ, հավասարակշռված և միասնական կադրային քաղաքականության իրականացմանը, համակարգը քաղաքական հարաբերակցության փոփոխությունից անկախ պրոֆեսիոնալ կադրերով ապահովելուն, քաղաքացիական ծառայողների իրավական պաշտպանվածությանը, նրանց օրինական շահերը պաշտպանելուն:
Քաղաքացիական ծառայության գրասենյակն իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներ՝ դրանց զգալի մասի իրագործումը պատվիրակելով նաև պետական մարմիններին՝ նրանց հնարավորություն տալով ինքնուրույն իրականացնելու իրենց համար կենսական նշանակություն ունեցող՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված գործընթացները։
Գրասենյակի կարևորագույն գործառույթների մասն են կազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումը, այդ պաշտոնների համար ներկայացվող պահանջների սահմանումը, պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումը, մրցույթների անցկացման կարգի, ծառայողական քննության, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի և մի շարք այլ գործընթացների հետ կապված իրավակարգավորումները։
Քաղաքացիական ծառայության գրասենյակը օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքացիական ծառայության գրավչության բարձրացման և քաղաքացիների իրազեկվածության ուղղությամբ, համագործակցում է միջազգային բարձր հեղինակություն ունեցող մի շարք կազմակերպությունների հետ: Քաղաքացիական ծառայության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ, ժամանակակից մեթոդների և թվային գործիքների ներդրմամբ ու կիրառմամբ ապահովում է քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության հավասար մատչելիությունը, թափանցիկ և արդար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ կենտրոնացված համակարգով հավաքական տվյալների ամփոփումն ու վերլուծումը: Գրասենյակն ապահովում է քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների կատարելագործման նպատակով արդյունավետ գործիքների կիրառումը, առկա խնդիրների վերհանումն ու լուծումը։ Քաղաքացիական ծառայության գրասենյակը բարձր մասնագիտական մեթոդական աջակցություն է ցուցաբերում ամբողջ պետական համակարգի մարմիններին։
ՔԾԳ-ԵՊՀ համագործակցություն
Ամեն տարի Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում իրենց պրակտիկան են անցկացնում ԵՊՀ մի շարք պրակտիկանտներ: Բացի դրանից, գրասենյակը համագործակցություն է ունեցել Երևանի պետական համալսարանի հետ կոմպետենցիաների վերապատրաստման շրջանակում:
Առկա թափուր աշխատատեղեր
Գրասենյակի պաշտոնական կայքէջում (www.cso.gov.am) պարբերաբար հայտարարություններ են տեղադրվում գրասենյակի, ինչպես նաև համապատասխան մարմինների (69 մարմին) հայտարարած մրցույթների վերաբերյալ, որոնք հասանելի են հանրությանը և ընդգրկում են տարբեր ոլորտների աշխատանքներ, ինչպիսիք են՝ կրթությունը, առողջապահությունը, բնապահպանությունը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը և այլն:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.cso.gov.am։
էլհասցե՝ info@cso.gov.am
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/profile.php