Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1879 թ. նոյեմբերի 19-ին ներկայիս ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է գյուղի ծխական դպրոցում, 1892–1900 թթ. սովորել Գևորգյան ճեմարանում, 1901–1904 թթ.՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում: 1904 թ. վերադարձել է հայրենիք և չորս տարի դասավանդել Գևորգյան ճեմարանում: 1910 թ. հրաժարվել է հոգևոր կոչումից և մինչև 1920թ. զբաղվել ուսուցչությամբ Երևանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Վաղարշապատում և Թիֆլիսում:
1919 թ. մասնակցել է ԵՊՀ հիմնադրման աշխատանքներին, 1920 թ. փետրվարից նորաստեղծ համալսարանում դասավանդել է հայոց պատմություն:
1921–1922 թթ. աշխատել է Էջմիածնում որպես Հայաստանի գիտական ինստիտուտի գիտական քարտուղար, 1930–1947 թթ.՝ ՀԳԻ-ում որպես լեզուների ամբիոնի վարիչ, 1943–1948 թթ.՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում որպես օտար լեզուների ամբիոնի վարիչ, ինչպես նաև ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչ, լեզվի ինստիտուտում որպես բառարանագրության բաժնի վարիչ, 1947-ից՝ ԵՌՊՄԻ-ում, 1962-ից՝ ԵՌՕԼՄԻ-ում որպես գերմաներենի դասախոս:
1943 թ., առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1945 թ.՝ պրոֆեսորի կոչում:
Հեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են հին ու միջնադարյան գրականության, հնագիտության, հայ եկեղեցու պատմության, աղանդների ծագման ու զարգացման խնդիրներին, հայ–ասորական գրական առնչություններին և բանասիրական այլևայլ հարցերի:
Մեծ է նրա վաստակը հայ բառարանագրության ասպարեզում. համահեղինակ է «Ռուս- հայերեն» երկհատոր (Եր., 1933–1935) և քառահատոր (Եր., 1954–1958) բառարանների, ինչպես նաև քառահատոր «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի (Եր.,1969–1980):
1957 թ. նրա աշխատասիրությամբ լույս է տեսել Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» երկի քննական բնագիրը:
1964 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1974 թ. հուլիսի 12-ին Երևանում:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: