Հանրակրթական ուսումնական հաստատություններում բնագիտական առարկաների ուսուցման ընթացքում ոչ առաջնային տեղ են գրավում գործնական աշխատանքները կամ հենց բուն փորձերը: Հաճախ է քննարկվում այն հարցը, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները միշտ չէ, որ հնարավորություն ունեն բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում իրականացնելու գործնական աշխատանքներ: Բնագիտական առարկաներն աշակերտների համար ավելի հասկանալի, մատչելի և գրավիչ դարձնելու համար ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն առաջարկում է ամառային բնագիտական աշխատարան-ծրագիր։ Ծրագիրը եզակի հնարավորություն է՝ գիտափորձերի և պրակտիկ աշխատանքի միջոցով հասկանալու, թե «ինչպես է աշխատում» մեզ շրջապատող աշխարհը։
Ծրագրի նկարագրություն
«Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» կրթական ծրագիրը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությունն է։ Ծրագրի շրջանակում 8-12-րդ դասարան փոխադրված դպրոցականները ԵՊՀ դասախոսների և ուսանողների օգնությամբ կսովորեն ինքնուրույն կատարել գործնական աշխատանքներ ու գիտափորձեր «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաների շրջանակում (բուսաբանություն, կենդանաբանություն, էկոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, գենետիկա):
Ծրագիրը կմեկնարկի հունիսի 22-ին և կտևի 3 շաբաթ։ Այս ընթացքում, հիմնվելով հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի վրա, դպրոցականները ԵՊՀ լաբորատորիաներում կկատարեն գործնական աշխատանքներ, գիտափորձեր և համակողմանի կուսումնասիրեն վերոնշյալ առարկաները գործնականում:
Ծրագրի ընթացքում դպրոցականները սեփական փորձի հիման վրա կսովորեն՝
- ինչ են լույսի բևեռացումը, գույները, օպտիկական մանրաթելը, լույսի ճնշումը, անիվի իներցիայի մոմենտը, Նյուտոնի գնդիկները, լավա լամպը, գրավիտացիան, ոչ նյուտոնյան հեղուկը,
- տարբերակել ՀՀ տարածքում աճող սնկերը, բարձրակարգ և ստորակարգ բույսերը,
- գնահատել մարդու քաղցկեղածին բջիջների կենսունակությունը տրիպան կապույտի բացառման թեստով,
- ինչպես ստանալ ետաֆազային քրոմոսոմներ,
- ինչպես օճառացնող հեղուկի միջոցով բանանից անջատել ԴՆԹ-ն,
- գնահատել հողերի աղակալվածության աստիճանը,
- կատարել միաբջջավորների տարբեր ներկայացուցիչների մանրադիտակային ուսումնասիրություն,
- ՝ կատարել մանրադիտակային ուսումնասիրություն՝ դիտելով մակաբույծ տափակ և կլոր որդերի վերաբերյալ տեսաֆիլմեր,
- դիտարկել օդի, ջրի և հողի մանրէաբանական կազմը (Պետրիի թասիկներում և մանրադիտակով),
- որոշել բակտերիաների հակաբիոտիկային կայունությունը,
- հայտնաբերել և որոշել կարևորագույն կենսամոլեկուլ հանդիսացող սպիտակուցները,
- որոշել ֆերմենտների ակտիվությունը բակտերիական թաղանթներում:
Ժամանակացույց
Դպրոցականները աշխատարաններ կայցելեն շաբաթական 2 օր (երկուշաբթի և հինգշաբթի)՝ 3-4 ժամով: Ծրագրով նախատեսված է նաև մեկանգամյա առողջ սնունդ:
Բնագիտական առարկաների աշխատարաններ են լինելու ԵՊՀ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաները և լսարանները:
Արժեք
Ծրագրի մասնակցության արժեքը 45.000 ՀՀ դրամ է:
Հետաքրքրվողները պետք է մինչև ս.թ. հունիսի 20-ը լրացնեն հետևյալ հարցաթերթը:
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ շարունակական կրթության կենտրոն:
Հեռ.՝ (+374 60) 710 212
Էլհասցե՝ postgraduate@ysu.am