ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի հետ՝ քննարկելով կողմերի միջև կնքված համագործակցության հուշագրի կետերը և նախանշելով գործակցության նոր ծրագրեր: Հանդիպումից հետո նախարարի տեղակալը ԵՊՀ ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ:
2023 թ. ստորագրված համագործակցության հուշագրով ամրագրվել են գործակցության մի շարք ոլորտներ՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով նպաստելու կրթական համակարգի զարգացմանը, հաստատելու փոխշահավետ, բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ, բարձրացնելու գիտական մտքի և դրա արդյունքների դերը պետական ֆինանսական համակարգում և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում, ինչպես նաև ամրապնդելու երիտասարդ մասնագետների տեսական և գործնական գիտելիքները, խորացնելու բուհ-աշխատաշուկա հարաբերությունները:
ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպումից հետո Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց «ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության ժամանակակից համակարգը և գործիքները» թեմայով դասախոսություն:
Խոսելով ԵՊՀ-ում դասախոսություն անցկացնելու մասին՝ Էդուարդ Հակոբյանը վստահեցրեց, որ նմանօրինակ բանախոսությունները կլինեն շարունակական․ «Դասախոսությունների միջոցով կփորձենք ուսանողներին փոխանցել մեր գիտելիքների և փորձի մի մասը: Շատ հաճելի է, երբ լսարանը մասնագիտական է՝ պատրաստ լսելու որոշ տերմիններ, ծավալելու մասնագիտական քննարկումներ»,- նշեց նախարարի տեղակալը:
Դասախոսությունը կազմված էր 3 հիմնական բաժիններից. առաջին հատվածում բանախոսը ներկայացրեց վերջին տարիներին ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունում կատարված փոփոխությունները, այնուհետև կատարվեցին վերլուծություններ ու կանխատեսումներ՝ նվիրված հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության համակարգին: Դասախոսությունն ամփոփվեց հարկաբյուջետային ռիսկերի գնահատման և կառավարման համակարգին վերաբերող անդրադարձով:
ԵՊՀ-ի և Ֆինանսների նախարարության գործակցության ոլորտների և հանդիպման կազմակերպման նպատակից խոսելով՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն ասաց.
«Ուսանողների պրակտիկաների կազմակերպում, կրթական գործընթացի բարելավում, համատեղ դասախոսությունների անցկացում. սրանք այն ծրագրերն են, որոնք մենք բարեհաջող իրականացնում ենք արդեն մեկ տարի: Նշեմ, որ ուսանողները բավականին հետաքրքրված են թե՛ հանդիպում-դասախոսություններով, թե՛ պրակտիկայի հնարավորությամբ»:
Հավելենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի համատեղ ջանքերով:
Ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված դասախոսությանը ներկա էին Տնտեսագիտության և կառավարման, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների ուսանողները, հետաքրքրված այլ անձինք: