Ս․թ․ հունիսի 13-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա Երևանի պետական համալսարանում 2023 թվականից մեկնարկած «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի վերաբերյալ հանդիպում-քննարկում։ Ծրագիրը նախաձեռնել և ղեկավարում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի․գ․թ․ Եղիշե Կիրակոսյանը։
Ծրագիրն առկա ուսուցմամբ է, տևողությունը՝ 3 կիսամյակ։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին ծանոթանալու միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, ստանալու խորը և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, հասկանալու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, ինչպես նաև դրանց հնարավոր վիճարկումը, գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնելու գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Դասընթացներն անցկացվում են բացառապես անգլերենով։ Դասախոսական կազմն ընդգրկում է ոլորտում աշխատող փորձառու միջազգային իրավաբաններ ու առաջատար համալսարաններից հրավիրյալ պրոֆեսորներ։
Ծրագրի գործընկերներն են Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ), ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA):
Ծրագրի կազմակերպչական թիմը կներկայացնի մանրամասն տեղեկություններ մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունների և դասախոսական կազմի վերաբերյալ, ինչպես նաև կպատասխանի հարցերին։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/2WQ9J24qdtvnerjd7: