- Главная
- Node
- Ընթացիկ աշխատանքների քննարկում ու հաշվետվությունների ներկայացում․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ հերթական նիստը
Декабря 25, 2023 | 16:30
Գիտություն
Կրթություն
Ընթացիկ աշխատանքների քննարկում ու հաշվետվությունների ներկայացում․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ հերթական նիստը
Օրակարգային հարցերով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում բավարարվեցին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ներկայացված հայցերը, ներկայացվեցին 2024 թ․ համախմբված եկամուտների և ծախսերի նախահաշիվը, մի շարք գործընթացների արդյունքներ, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի և ՈԻԳԸ գործունեության հաշվետվությունները։
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի արդյունքներով մրցանակային տեղեր են զբաղեցրել ԵՊՀ 7 ուսանողներ: Ավանդույթի համաձայն՝ ԳԽ նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց ու խրախուսական պարգևներ հանձնեց նրանց։
«Սիրելի՛ ուսանողներ, այս մրցանակները ձեր անցած ճանապարհի ու կատարած աշխատանքի գնահատականն են։ Իմացե՛ք, որ գերազանցության հանդեպ ձեր ձգտումը, նվիրվածությունն ու ներդրած ջանքերը ոգեշնչում են բոլորիս՝ սահմանելու հաջողության ու առաջընթացի նոր նշաձողեր»,– իր խոսքում նշեց ռեկտորը։
Նիստի օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ԳԽ մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու 13 հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող կարգին և երաշխավորվել են Մրցութային հանձնաժողովի կողմից։
Գիտական կոչում շնորհելու մասին որոշում ընդունելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Հաջորդիվ ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը ԳԽ անդամներին ներկայացրեց 2024 թ․ համախմբված եկամուտների և ծախսերի նախահաշիվը։ Նա նշեց, որ 2024 թվականին նախահաշվով ևս նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 10 %-ով, որն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերից, ինչպես նաև աշխատակիցները կստանան տարեվերջյան 13-րդ աշխատավարձ ու ամռանը վճարվող պարգևատրում՝ 50 %-ի չափով:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքները՝ փաստելով, որ առկա ուսուցման համակարգով ԵՊՀ բակալավրիատ է ընդունվել 2390, հեռակա ուսուցման համակարգով՝ 350 ուսանող։ Միջին մասնագիտական պետական հաստատություններից հեռակա ուսուցմամբ ԵՊՀ է ընդունվել 50 ուսանող։ 2023 թվականին առկա ուսուցմամբ մագիստրատուրա է ընդունվել 852, հեռակա ուսուցմամբ՝ 116 ուսանող։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում Ուսումնամեթոդական վարչության պետը ներկայացրեց 2023-2024 ուստարվա ամբիոնային բեռնվածությունները՝ նշելով, որ ընդհանուր կազմում է 636 194 ժամ, ինչպես նաև բեռնվածությունները՝ ըստ տեսակների ու դրույքների։
Այնուհետև Հ․ Ժամհարյանը ԳԽ անդամներին ներկայացրեց ԵՊՀ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2023-2024 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ներկայացրեց մասնաճյուղի 2022-2023 ուստարվա գործունեությունը՝ փաստելով, որ հաշվետու 2022-2023 ուստարում մասնաճյուղն իր գործունեությունը կազմակերպել է ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի հիման վրա։
«Պլանավորված գործողություններն ուղղորդված են եղել՝ ապահովելու մասնաճյուղի ռազմավարական 3 նպատակների իրականացումը՝ բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում»,– ընդգծեց Ա․ Մակարյանը։
Օրակարգային վերջին հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիրանուշ Բաղումյանը ներկայացրեց ՈՒԳԸ 2022-2023 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը։ Նա նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել է 554 միջոցառում, այդ թվում՝ 4 գիտաժողով, 17 աշխատաժողով ու համաժողով։
Հարցերի քննարկումից հետո հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները՝ փաստելով, որ դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ներկայացված բոլոր հայցերը բավարարվել են։