ԵՊՀ իրավաբանական կլինիկայի աշխատակազմը և ուսանողները «Իրավունք բոլորի համար» ծրագրով մարզային այցերի շրջանակում այս անգամ այցելեցին Արագածոտնի մարզ:
Իրավաբանական կլինիկայի ուսանողները հանդիպումներ ունեցան Արագածոտնի մարզի Աղձքի, Բյուրականի և Անտառուտի միջնակարգ դպրոցներում և հանդես եկան թեմատիկ դասախոսություններով: Աշակերտների և ուսուցչական կազմի հետ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անչափահասների աշխատանքային, կրթության, ընտանեկան իրավունքները, իրավունքի և օրենքի հասկացությունն ու հարաբերակցությունը, հանցագործություն հասկացությունը, հատկանիշները և հանցակազմի տարրերը:
Ինչպես «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում կատարվող յուրաքանչյուր այցի դեպքում, այս անգամ ևս դպրոցականները դրսևորեցին մեծ հետաքրքրվածություն դասախոսության թեմաների նկատմամբ: Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները դասախոսությունների ընթացքում ապահովեցին ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն թեմատիկ քննարկումներին:
Նմանօրինակ այցերը ոչ միայն խթանում են անչափահասների իրավագիտակցության բարձրացումը, այլև ծառայում են որպես մասնագիտական կողմնորոշման արդյունավետ գործիք: Թեմաների ներկայացման ընթացքում առավել խորությամբ ծանոթանալով իրավական և օրենսդրական համակարգերին, իրենց նեղ ճյուղային իրավասություններին՝ դպրոցականների մոտ հետաքրքրություն է ձևավորվում «Իրավագիտություն» մասնագիտության հանդեպ։
ԵՊՀ իրավաբանական կլինիկան կարևորում է այսօրինակ ծրագրերը, քանի որ դրանք միտված են է՛լ ավելի կիրթ, իրավագիտակից և գիտելիքահենք քաղաքացիական հասարակություն ունենալուն, ինչը պետության զարգացման առաջնահերթ գրավականներից է: