ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ ս.թ. նոյեմբերի 24-26-ը կազմակերպվեց «Գեոհեքեթոն-2024» ծրագիրը, որն իր տեսակի մեջ առաջինն էր։
«Գեոհեքեթոն-2024» ծրագրի նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ բարելավելու իրենց գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև ստեղծելու համագործակցության հարթակ, որտեղ ուսանողները կարող էին աշխատել թիմերով՝ լավարկելով իրենց թիմային կարողություններն ու մասնագիտական որակները: Ծրագրի ընթացքում իրականացված ուսուցողական սեմինարների շնորհիվ մասնակիցները ոչ միայն ավելացրին կարողությունների պաշարը, այլև ունեցան ոլորտի փորձառու մասնագետների հետ համագործակցության փորձ։
Հանդիպումների ընթացքում հյուրերը կիսվեցին իրենց փորձով, իրենց վերելքներով ու վայրէջքներով, սովորեցրին հաջողության հասնելու բանաձևեր։ Ծրագրի շրջանակում իրենց մասնագիտական փորձը ներկայացրին Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի դոցենտներ Լյուբա Միրզոյանը և Տիրուհի Մկրտչյանը (թեմա՝ «ՀՀ երկրաբանական հուշարձանները՝ որպես զբոսաշրջային դեստինացիա»), Սերվիսի ամբիոնի դասախոս Իրինա Սահակյանը (թեմա՝ «Event Planning»), իրավագետ Մարիամ Նիկոյանը (թեմա՝ «Վեճերի լուծման եղանակները, հաշտարարության մոդել»), Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կառավարության և հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը (թեմա՝ «Մեդիագրագիտություն»), «Sky Tour» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը (թեմա՝ «Բիզնես 0-ից. հաջողության գրավականը»):
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեցան ֆակուլտետի բոլոր բաժիններից թվով 30 ուսանողներ՝ ծրագրի ընթացքում ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ, գաղափարակից ընկերներ, թիմային աշխատանքի նոր հմտություններ, ինքնադրսևորման փորձ։
Ակտիվ ուսանողները ծրագրի ավարտին պարգևատրվեցին հավաստագրերով: