ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում «Կինոակումբ»-ի շրջանակում ս․թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, կազմակերպվեց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր, երգիչ Միքայել Պողոսյանի հետ հանդիպում։
Դերասանի անցած ուղին ներկայացնելուց հետո տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրություն, որտեղ ընդգրկված էին Միքայել Պողոսյանի մասնակցությամբ տարբեր ֆիլմերից հատվածներ:
Ֆիլմի ցուցադրությունից հետո կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը Երևանի պետական համալսարանի կողմից Միքայել Պողոսյանին հանձնեց հուշանվեր:
Հետայդու տեղի ունեցավ հարցուպատասխան դերասանի և հանդիսատեսի՝ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներից եկած ուսանողների միջև:
Միքայել Պողոսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժին։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Կամո», «Երևան-Լոս Անջելես-Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։
Խաղացել է երեսունից ավելի ֆիլմերում, որոնք արժանացել են տարբեր միջազգային մրցանակների։
Այժմ անկախ ստեղծագործող է։