ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ Վահագն Թումասյանի անվան լսարանում, կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանին։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն իր ելույթում նշեց. «Հասկանալու համար՝ ում հետ գործ ունենք, բավարար է միայն Վահագն Թումասյանի անվան լսարանում լինել. մեր խոնարհումը Վահագն Թումասյանին և նրա ընտանիքին։ Վահագնի անցած ճանապարհը տեսնելով՝ մեր ուսանողները, երիտասարդները պետք է հասկանան, որ հայրենիքը, պետությունը, ընտանիքն ամենօրյա աշխատանք ու նվիրում են պահանջում»։
Միջոցառմանը մասնակցող Վահագն Թումասյանի դասախոսները, համակուրսեցիները պատմեցին հետախույզի ուսանողական տարիներից դրվագներ, խոսեցին նրա ընդգծված հայրենասիրության և մարդկային բարձր որակների մասին։
2021 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ սահմանվել է Վահագն Թումասյանի հիշատակին նվիրված կրթամրցանակ։ Այդ մրցանակին արժանացած ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Տաթև Նուրիջանյանն ասաց, որ մրցանակ ստանալուց հետո որոշել է հայրենանվեր աշխատանքը դարձնել կենսակերպ։
Հուշ-ցերեկույթին մասնակցում էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և Աբովյան քաղաքի համայնքապետարանի աշխատակիցներ։
Վահագն Թումասյանի անվան լսարանը համալրվեց համակարգչային տեխնիկայով, որը նվիրաբերել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։